Սեպտեմբերի 16-ին Տող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում Արցախը կանցկացնի Գինու 4-րդ փառատոնը, որն իր հարկի տակ կհավաքի տասնյակ գինեգործներ Արցախից եւ Հայաստանից: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում, արդեն ավանդական դարձած փառատոնի ծրագրում նախատեսվում է գինու եւ գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, արվեստի գործերի ցուցահանդես, «Տողի Մելիքական ապարանքի գանձերը» ցուցահանդես, ջազ, բլյուզ եւ ազգագրական համերգ, ժամանակակից երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ, խմբային էքսկուրսիաներ, զանազան այլ ակտիվություններ: Բացի այդ, փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու արցախյան խոհանոցի ուտեստները: Փառատոնի մուտքն այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, անվճար է:«Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի նպատակն է խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի եւ Հայաստանի գինեգործների համար: Ամեն տարի ավելի քան երկու հազար հյուրեր Արցախից, Հայաստանից եւ արտերկրից այցելում են փառատոնը՝ համտեսելու հայկական լավագույն գինիները, ծանոթանալու տեղական մշակույթին եւ շփվելու տեղացիների հետ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3201