ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Սյունիքում՝ Իրանի սահմանագծին, ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու մասին որոշումը։ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ ԱՏԳ ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա։ Ծրագրի իրականացումը ենթադրում է փուլային սկզբունք: Առաջին տարում նախատեսվում է շուրջ $3 մլն-ի ներդրում կազմակերպչի կողմից, որի արդյունքում կստեղծվեն նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ հնարավոր կլինի այս աշնանը մեկնարկել ԱՏԳ-ի գործունեությունը։ԱՏԳ-ի գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչեւ 120 շահագործողների՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ $350-400 մլն եւ որոնք կարտահանեն տարեկան շուրջ $100 մլն-ի արտադրանք եւ տարիների ընթացքում կստեղծեն մոտ 2500 նոր աշխատատեղ:Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵԱՏՄ երկրները, Իրանը, Մերձավոր Արեւելքը, ԵՄ երկրները:«Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու գործարկումը կնպաստի արդյունավետ տրանսպորտալոգիստիկ եւ արդյունաբերական հաբի ստեղծմանը, մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի արտասահմանյան կապիտալի ներհոսքը ՀՀ, կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը»,- ասված է հաղորդագրությունում: ԱՏԳ-ն կստեղծվի պետություն-մասնավոր հատված համագործակցության բանաձեւով։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անցած շաբաթ հանձնարարել էր արագացնել Սյունիքում ԱՏԳ-ի ստեղծման գործընթացը: Tweet Դիտում՝ 3846