Ֆրանսահայ բժիշկները` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ, բարեգործական ծրագրեր են իրականացրել Սյունիքի մարզի տարբեր գյուղերում եւ Սիսիանում: Ինչպես նշել են բանկում, Ֆրանսահայ բժիշկների միության (UMAF) անդամներն ամեն տարի մայիսին ՀՀ համայնքների դպրոցների բժիշկների հետ իրականացնում են փորձի փոխանակում` նրանց փոխանցելով երեխաների աչքի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքները, իսկ օգոստոսին Հայաստան են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր եւ ակնաբուժական սարքավորումներ եւ տեղում ստուգում երեխաների տեսողությունը՝ անհրաժեշտության դեպքում նվիրելով ակնոցներ:Հայաստան ժամանած UMAF-ի խմբի ղեկավար Լեւոն Արթինյանը նշել է, որ ծրագիրն իրականացնում են արդեն 13 տարի` իրենց ներդրումն ունենալով հայ երեխաների առողջության պահպանության գործում: «Ծրագիրն իրականացնում ենք գյուղերում, քանի որ այստեղ ավելի շատ է զգացվում բժիշների եւ սարքավորումների կարիքը: Այս տարի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ խմբի 8 բժիշկներով եկել ենք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ: Մտածեցինք, որ Հայաստանում էլ մարդիկ կլինեն, ովքեր մեզ կաջակցեն եւ դիմեցինք մեր վաղեմի ընկեր Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին, որի հետ արդեն 20 տարի աշխատում ենք եւ որն էլ առանց երկար մտածելու աջակցեց մեզ ծրագրի իրականացման գործում»,- նշել է Լեւոն Արթինյանը:Այս տարի ծրագրի շրջանակում Ֆրանսիայի հայ բժիշկները Սյունիքի մարզում հետազոտել են ավելի քան 500 երեխայի: Tweet Դիտում՝ 9961