Դավիթ Սարգսյան. «Պետությունը մշակել է երաշխիքների մի ամբողջ համակարգ»

18.12.2013 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Պարոն նախարար, ո՞րն է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական նպատակը:

- Հիմնական նպատակն է ներկայումս աշխատող անձի համար ապահովել բարեկեցիկ ծերություն եւ արդարացի կենսաթոշակ, որն ուղղակիորեն կապված կլինի նրա այսօրվա աշխատավարձի մեծության հետ եւ կենսաթոշակի անցնելիս զերծ կպահի անձին եկամուտների կտրուկ անկումից:

- Ինչու՞ կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու համար հնարավոր չէ կիրառել կամավորության սկզբունքը:

- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է դեռեւս 2010թ.-ին, եւ ավելի քան երեք տարի է` գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը: Բացի այդ, վերը նշված նպատակին արագ եւ արդյունավետ հասնելու համար աշխարհի շատ երկրներ ընդունում են պարտադիրության սկզբունքը, որն իր հետ համատեղ առաջ է տանում կամավոր կուտակային համակարգը:

- Քաղաքացիների ամենամեծ մտահոգությունը կապված է գումարների վերադարձելիության հետ: Ի՞նչ գործիքներ են կիրառվելու ներդրված գումարների վերադարձելիությունը երաշխավորելու համար:

- Անհատական հաշիվներում կուտակված կենսաթոշակային միջոցները յուրաքանչյուր մասնակցի անձնական սեփականությունն են, որոնք թափանցիկ են, վերահսկելի եւ կառավարելի հաշվետիրոջ համար:

Կենսաթոշակային միջոցների կառավարման վերաբերյալ ցանկացած որոշում կայացնում է մասնակիցը, ով հնարավորություն ունի ընտրել կամ փոխել այն մասնագիտացված կառավարչին, որն իրականացնելու է իր հաշվում առկա կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարումը: Բացի այդ, պետությունը մշակել է երաշխիքների մի ամբողջ համակարգ, որը երաշխավորում է կուտակված միջոցների վերադարձելիությունը կենսաթոշակի անցնելուց հետո: Այդ երաշխիքային համակարգի շնորհիվ մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո առնվազն կստանա իր իսկ կուտակած միջոցները` ճշգրտված տարեկան գնաճով (ճշգրտումն իրականացվում է յուրաքանչյուր տարի), ինչը թույլ չի տա այդ տարիների ընթացքում կենսաթոշակային հաշվում կուտակված գումարների արժեզրկումը: Մասնակիցը կստանա նաեւ լրացուցիչ միջոցներ, որոնք կձեւավորվեն իր միջոցների` պրոֆեսիոնալ կառավարիչների կողմից տարբեր շահութաբեր ծրագրերում ներդրման արդյունքում ապահովված եկամտաբերության շնորհիվ:

Մասնակցի կողմից կուտակված գումարների վերադարձելիությունը 20%-ով երաշխավորվում է Երաշխիքային ֆոնդի կողմից, իսկ 80%-ով` պետության կողմից: Միեւնույն ժամանակ, ներդրվել են տարբեր մեխանիզմներ (պահառու, արտաքին աուդիտ եւ այլն), որոնք կապահովեն մասնակիցների միջոցների ներդրումները նվազ ռիսկային գործիքներում:

- Կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը ենթադրու՞մ է, որ գործատուն աշխատողին վճարելու է վերջինիս աշխատավարձի 95 տոկոսը, թե՞ աշխատակիցներն ինքնուրույնաբար պետք է կատարեն համապատասխան վճարումներն իրենց նախընտրած կենսաթոշակային ֆոնդին:

- Եթե գործատուն հանդիսանում է հարկային գործակալ, ապա իր աշխատակցի համար հաշվարկելու եւ փոխանցելու է նրա անհատական հաշվին կենսաթոշակային վճարները, որոնք այնուհետեւ համակարգի կողմից փոխանցվելու են աշխատակցի կողմից գաղտնի ընտրված ֆոնդին: Եթե գործատուն չի հանդիսանում հարկային գործակալ, ապա յուրաքանչյուր աշխատակից ինքն է հաշվարկելու իր կողմից վճարման ենթակա կուտակային վճարը եւ բանկի միջոցով փոխանցելու իր անունով բացված անհատական կենսաթոշակային հաշվին, որն այնուհետեւ փոխանցվում է նրա կողմից ընտրված ֆոնդին:

- Համակարգի ներդրմանը դեմ են հատկապես ՏՏ ոլորտի աշխատողները, որոնք բարձր աշխատավարձ են ստանում եւ պատրաստ չեն իրենց ամսական եկամտի մի մասը տրամադրել կենսաթոշակային ֆոնդերին: Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է ինչ-որ կերպ արձագանքել այդ ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին:

- ՏՏ ոլորտի կողմից բարձրացված հարցերին կառավարությունը եւ ֆինանսների նախարարությունը գրավոր պատասխանել են` ներկայացնելով կենսաթոշակային բարեփոխման անհրաժեշտությունը: Նաեւ՝ հանդիպել այդ ոլորտի մասնագետների հետ: Հարկ ենք համարում նշել, որ այս ոլորտի բարձր աշխատավարձ ստացող մասնագետները կենսաթոշակային տարիքի հասնելիս նույնպես արդարացիորեն ցանկանալու են ստանալ բարձր կենսաթոշակ, ինչին էլ միտված է այս բարեփոխումը:

- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ազդեցություն կունենա համակարգի ներդրումը զբաղվածության ոլորտում առկա ստվերի վրա: Արդյո՞ք այն կնպաստի ստվերի կրճատմանը, թե՞ ընդհակառակը, կխորացնի ստվերայնությունը:

- Ներկայիս բաշխողական կենսաթոշակային համակարգում բացակայում է ուղղակի կապը աշխատողի ստացած աշխատավարձի եւ ապագա կենսաթոշակի չափի միջեւ: Այդ հանգամանքն աշխատողներին չի խրախուսում ցույց տալ իրենց իրական եկամուտները, ինչն էլ բերում է ստվերի առաջացմանը: Կենսաթոշակային նոր համակարգը կհանգեցնի նոր մտածելակերպի արմատավորմանը` քաղաքացուն մասնակից եւ պատասխանատու դարձնելով սեփական բարեկեցության ապահովմանը: Քաղաքացին շահագրգիռ կլինի տեսանելի դարձնել իր բոլոր եկամուտները, որպեսզի դրանց համարժեք աջակցություն ստանա պետությունից: Այդ տեսանկյունից նա կդրդի գործատուին վճարել օրինական աշխատավարձ:

- Մոտավոր հաշվարկներով որքա՞ն կկազմի մինչեւ կենսաթոշակային տարիքը միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների կենսաթոշակը:

- Ըստ կատարած ակտուարական հաշվարկների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցը կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո կստանա իր միջին աշխատավարձի 40-55%-ի չափով կենսաթոշակ` ըստ ընտրած ֆոնդի տեսակի եւ կատարած վճարումների ժամանակահատվածի:

- Իսկ ինչպե՞ս է լուծվելու մինչեւ կենսաթոշակային տարիքը գործազուրկ (հնարավոր է առանց պետական գրանցման աշխատանք ունեցած) քաղաքացիների կենսաթոշակի հարցը:

- Նշված անձանց համար գործելու է ներկայումս գործող բաշխողական կենսաթոշակային համակարգի` սոցիալական (մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժի) եւ աշխատանքային (ըստ աշխատած տարիների) կենսաթոշակային մոդելները: Այսինքն՝ պետությունը, կատարելով իր սոցիալական պարտավորությունները, ապահովելու է բոլոր քաղաքացիներին պետական  կենսաթոշակով:

- Եթե քաղաքացին չի ապրում մինչեւ կենսաթոշակային տարիքը, ինչպե՞ս է կարգավորվում կուտակած գումարի վերադարձելիության ընթացակարգը: Արդյո՞ք պայմանագրերում նշվում են նաեւ իրավահաջորդների մասին տեղեկություններ:

- Այդ պարագայում մասնակցի կուտակած միջոցները փոխանցվում են նրա իրավահաջորդին (ժառանգին): Այսինքն, կուտակային վճարները եւ կենսաթոշակը իրենց գոյության ողջ ժամանակահատվածում հանդիսանում են անձի սեփականությունը, եւ նրանց հանդեպ գործում են այն նույն կանոնները, որոնք գործում են այլ սեփականության հանդեպ (տուն, ավանդ եւ այլն): Ժառանգության հետ կապված հարաբերությունները չեն հանդիսանում պայմանագրային հարաբերություններ, այլ կարգավորվում են օրենքով:

- Ինչպիսի՞ մեխանիզմներ են գործելու այն քաղաքացիների համար, ովքեր մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը մշտական բնակություն են հաստատել արտերկրում կամ փոխել են իրենց քաղաքացիությունը:

- Այդ դեպքում մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ:

Վերոնշյալ հիմքով առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին` ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը ներգրավված չէ կուտակային կենսաթոշակային համակարգում կամ միջոցների փոխանցումն անհնար է որեւէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով՝ որպես կենսաթոշակ:

- Հետագայում կենսաթոշակային տարիքի շեմի փոփոխությունը ազդեցություն կունենա՞ համակարգի շրջանակներում արդեն իսկ գործող պայմանագրերի վրա:

- Կենսաթոշակային բարեփոխման նպատակն է, պահպանելով ներկայիս կենսաթոշակային տարիքի շեմը, ապահովել մասնակցի համար արդարացի եւ ներկայումս ստացած աշխատավարձի մեծությամբ պայմանավորված կենսաթոշակ: Սակայն, եթե հետագայում ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներից ելնելով փոփոխության ենթարկվի կենսաթոշակային տարիքի շեմը, ապա այդ փոփոխությունը կտարածվի բնակչության բոլոր խավերի վրա:

- Արդյո՞ք լինելու է պետական վերահսկողություն մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային քաղաքականության հանդեպ: Ներդրումներն իրականացվելու են Հայաստանու՞մ, թե՞ երկրի սահմաններից դուրս:

- ՀՀ կենտրոնական բանկը, լիցենզավորելով կենսաթոշակային ակտիվների կառավարիչներին եւ գրանցելով նրանց կողմից ստեղծված ֆոնդերը, հաստատում է նաեւ ֆոնդերի գործունեության կանոնները, որոնցով առաջնորդվելով էլ պարբերաբար կիրականացնի վերահսկողություն թե ներդրումային քաղաքականության, թե պահպանման նկատմամբ:

Կան նաեւ օրենսդրական սահմանափակումներ, մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 43 եւ 44-րդ հոդվածների դրույթներով ամրագրված են որոշակի սահմանափակումներ, որոնք կոչված են տարատեսականացնելու (դիվերսիֆիկացնելու) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ներդրման ուղղությունները: Մասնավորապես, նշված է, որ արտասահմանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետություններում շրջանառվող եւ թողարկված արժեթղթերում, ինչպես նաեւ բանկային հաշիվներում եւ ավանդներում: Բացի այդ, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել օտարերկրյա թողարկողների կամ դրանց թողարկած արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշներ, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները: ՀՀ-ում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել` ա) բանկային հաշիվներում եւ ավանդներում, բ) ՀՀ կամ ԿԲ կողմից թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, գ) ՀՀ գործող կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերում, դ) այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են ԿԲ-ի կողմից:

Բացի այդ, ՀՀ կառավարության 27.12.2012թ. «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային եւ արժութային սահմանափակումները սահմանելու մասին» որոշմամբ սահմանված են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների արժութային եւ քանակային սահմանափակումները:

Առավել մանրամասն տեղեկատվության, ինչպես նաեւ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերին ծանոթանալու համար առաջարկում եմ այցելել հետեւյալ ինտերնետային կայքէջերը.

www.e-gov.am

www.epension.am

www.abcfinance.am
(կենսաթոշակային բարեփոխումներ, «63 հարց ու պատասխան»):

Դավիթ Սարգսյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:

Դիտում՝ 5124
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW