Արթուր Մխիթարյան. Ապագան ESG-ն է, քանի որ այն կենսունակ համակարգ է եւ մեր նոր իրողությունը

04.03.2024 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Արթուր Մխիթարյանի հարցազրույցը Banks.am-ին

- Մարտի 6-ին Երեւանում կկայանա «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը եւ Կոնվերս Բանկը դրա գործընկերներից է: Որո՞նք են Ձեր ակնկալիքները կոնֆերանսից:

- Տնտեսական եւ սոցիալական փոփոխությունների պայմաններում անչափ կարեւոր է մարդկանց կյանքի որակի բարելավումը, համաշխարհային ֆինանսների հասանելիությունը: Միասնական մոտեցում է անհրաժեշտ բնական միջոցների օգտագործմանը, տեխնոլոգիական զարգացմանը, ներդրումային ուղղություններին:

Այս կոնֆերանսը կդառնա այն հարթակը, որտեղ պարբերաբար կքննարկվեն ներքին եւ արտաքին մարտահրավերները, կառաջարկվեն դրանց հաղթահարման եղանակներ: Կոնֆերանսը հիանալի հնարավորություն է նաեւ նախանշելու մեր երկրի ու տեղական բիզնեսի զարգացման հեռանկարը:

- Երբ խոսում ենք ESG-ի մասին, տեսնո՞ւմ եք հնարավորություն խելամիտ բալանս պահպանել միջազգային օրակարգի եւ տեղական կարիքների միջեւ:

- ESG-ն առաջնահերթություն է. բոլորիս ներկա եւ ապագա օրակարգը:

Տեւական ժամանակ է, ինչ Կոնվերս Բանկը վարում է բնապահպանական ռիսկերի կառավարման քաղաքականություն: Բանկը վարկավորման հատուկ ընթացակարգ ունի, որտեղ սահմանվում են բնապահպանական չափորոշիչներն ու ռիսկերը: Բանկի համար առանցքային նշանակություն ունեն նաեւ սոցիալական նշանակության հարցերը:

Բանկը ֆինանսավորել է Հայաստանում առաջին խոշոր ֆոտովոլտային կայանի շինարարությունը, եւ դա մի ժամանակահատվածում, երբ «կայուն զարգացում» տերմինը Հայաստանում նոր էր սկսում շրջանառվել:

Կայուն ֆինանսավորումը սկսել եւ իրականացնում ենք գերազանցապես սեփական ռեսուրսներով: Բանկի ներդրումն ու արդյունավետ փորձառությունն այս ոլորտում բարձր գնահատականի է արժանացել նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, ՎԶԵԲ-ի «Տարվա Գործարք - Կանաչ Առեւտուր» մրցանակին Հայաստանում առաջինը՝ այն էլ, երկու տարի անընդմեջ, արժանացել է Կոնվերս Բանկը:

Միայն նախորդ տարի Բանկը ֆինանսավորել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի էներգաարդյունավետ հիփոթեք։ Արտադրության արդյունավետության բարձրացման, վնասակար արտանետումների նվազեցման նպատակով միայն մեկ պրոդուկտի շրջանակում կատարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։ Ինտենսիվ այգեգործության ոլորտում մեր ներդրումը գերազանցել է 452 մլն ՀՀ դրամը։

- Այս տեսանկյունից բիզնեսը, այդ թվում՝ բանկերը, կարո՞ղ են որոշակի պատասխանատվություն ստանձնել:

- Այո, պատասխանատու ֆինանսավորումն այլընտրանք չունի:

Եթե հարցին պատասխանեմ Կոնվերս Բանկի տեսանկյունից, ապա նոր՝ ESG օրակարգի մշակման ու ներդրման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացան COVID-19-ի, հաջորդող պատերազմի ու տարածաշրջանային անկայունության պայմաններում. տեխնոլոգիական աճին զուգահեռ արագացան թվայնացման գործընթացները, ինչի արդյունքում ապահովվեց բանկային ծառայությունների հասանելիությունը նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում բնակվող քաղաքացիների համար:

Այսօր թարմացնում ենք Բանկի ռազմավարությունը՝ հաշվի առնելով միջազգային օրակարգն ու միտումները, տեղական բիզնեսի փորձառությունը:

- Moody's-ը կանխատեսում է, որ 2024 թվականին աշխարհում տնտեսության կայունության հետ կապված $950 միլիարդի պարտատոմսեր կթողարկվեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում «կանաչ» պարտատոմսերի հեռանկարները:

- «Կանաչ» պարտատոմսերը մեր ապագան են: Հայաստանում արդեն կա դրանց թողարկման փորձառություն: Կոնվերս Բանկը ներկայում դիտարկում է այդ ոլորտ մուտքի հնարավորությունը՝ իրականացնելով համապատասխան վերլուծություններ եւ հետազոտություններ, քննարկելով նոր պրոդուկտների ներդրման հնարավորությունը:

Ի վերջո, ապագան ESG-ն է. այն կենսունակ համակարգ է եւ մեր նոր իրողությունը:
Դիտում՝ 2270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai