Արման Վարդանյան. Պարտադիր կենսաթոշակային համակարգը Հայաստանում կայացել է

30.01.2024 | 22:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացի, աշխատանքային 10 տարվա ընթացքում գրանցած ցուցանիշների եւ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտության մասին:

- Պարոն Վարդանյան, ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացը ենթադրում է թափանցիկ աշխատանք, հանրության հետ ակտիվ հաղորդակցություն եւ որակյալ ծառայությունների մատուցում: Կարո՞ղ եք արձանագրել, որ Ձեր ընկերությանը հաջողվում է շարժվել նշված սկզբունքներին համահունչ:

- Մեր ընկերությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ զբաղվում է արդեն 10 տարի: Կարող ենք ասել, որ պարտադիր կենսաթոշակային համակարգը կայացել է մեզ մոտ եւ այս տարիների ընթացքում մենք գրանցել ենք բավականին տպավորիչ արդյունքներ: Շարունակում ենք աշխատանքը՝ զարգացնելու եւ ավելի ամրապնդելու մեր ներկայությունն ու գործունեությունը Հայաստանի ֆինանսական շուկաներում՝ առաջնորդվելով, իհարկե, մեր մասնակիցների լավագույն շահերի պաշտպանությամբ եւ առաջխաղացմամբ:

- Կենսաթոշակային ֆոնդերի մասով ի՞նչ ցուցանիշներ է գրանցել ընկերությունը 2023թ.-ին եւ որո՞նք էին դրանց վրա ազդող ամենակարեւոր գործոնները:

- 2023 թվականը առանձնացել է ֆոնդերի էական բարձր երկնիշ տարեկան եկամտաբերությամբ: Նշեմ, որ նախորդ տարվա արդյունքներով մեր կայուն եկամտային ֆոնդը գրանցել է 12,6% տարեկան եկամտաբերություն, պահպանողական ֆոնդը՝ 16,3%, իսկ մեր հավասարակշռված ֆոնդը համակարգում գործող բոլոր ֆոնդերից գրանցել է ամենաբարձր եկամտաբերությունը՝ 16,5%:

Ստեղծման պահից ի վեր մեր կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են շուրջ 7,6-8% տարեկան եկամտաբերություն, ինչը բավականին լավ արդյունք է:

- Ներկա փուլում որքա՞ն մասնակցի եւ ի՞նչ ծավալի կենսաթոշակային միջոցներ են գտնվում ընկերության կառավարման ներքո: Ինչպե՞ս են այդ միջոցները բաշխված ըստ կենսաթոշակային երեք ֆոնդերի: Առհասարակ՝ ձեւավորվե՞լ է արդյոք հստակ պատկեր, թե այս կամ այն ֆոնդն ընտրելիս, որն է մասնակցի շարժառիթը:

- Մենք կառավարում ենք մեր ֆոնդերում տեղաբաշխված 360 հազար եւ ավելի մասնակիցների կենսաթոշակային միջոցները: 2023թ.-ի վերջի դրությամբ մեր կառավարման ներքո ունեցել ենք 383 մլրդ դրամ կենսաթոշակային ակտիվներ, որից շուրջ 75 մլրդ դրամը կառավարման արդյունքում ձեւավորված հավելյալ եկամուտն է։ Այժմ ընդհանուր ակտիվների ծավալը հատել է 406 մլրդ դրամը, որը համարժեք է մոտ $1 մլրդ-ի:

Արման Վարդանյանը

Երեք ֆոնդերի մասով էլ իրականացնում ենք դիվերսիֆիկացված ներդրումներ ունենալու ռազմավարություն եւ ներդրումներ ենք կատարում համաձայն Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի: Ներդրումների մեծ մասն իրականացնում ենք Հայաստանի ֆինանսական շուկայում:  2023թ.-ի վերջի դրությամբ ամբողջ պորտֆելների շուրջ 68%-ը հայաստանյան ներդրումներն են ֆինանսական գործիքներում, ինչպիսիք են պետական եւ կորպորատիվ պարտատոմսերը, բանկային ավանդները եւ այլն, իսկ արտասահմանյան ներդրումները ներառում են զարգացած երկրների լավագույն կազմակերպությունների եւ առաջադեմ ոլորտների ինչպես բաժնային, այնպես էլ պարտքային արժեթղթեր:

Ինչ վերաբերում է մասնակիցների կողմից ֆոնդերի ընտրությանը՝ կենսաթոշակային միջոցների մոտավորապես 98%-ը այս պահին կուտակվում է պահպանողական ֆոնդում, ինչը մարդկանց՝ ընտրություն չկատարելու արդյունքն է։  Այստեղ մենք կարիք ունենք համատեղ ջանքերով նպաստելու կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների իրազեկմանը  եւ ընտրություն կատարելուն: Այդ ընտրության հնարավորությունը  մարդկանց տրված է ՀՀ օրենսդրությամբ:

Երեւանում եւ մարզերում տարբեր կազմակերպությունների հետ մեր բազմաթիվ հանդիպումների, սեմինարների ընթացքում, ինչպես նաեւ սոցիալական տարբեր հարթակներում մենք խրախուսում ենք մարդկանց, որ լինեն ակտիվ եւ կատարեն  տեղեկացված ընտրություն: Ամբողջ տեղեկատվությունը հասանելի է՝ եռամսյակային հաշվետվություններից սկսած, որոնք վերաբերում են թե՛ ընկերությանը, թե՛ ֆոնդերին, թե՛ շուկայական զարգացումների մեկնաբանություններին: Սա մարդկանց հնարավորություն է տալիս, որ իրենց կենսաթոշակային միջոցների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնեն եւ ընտրություն կատարեն, ինչը կարեւոր է վստահ լինելու համար, որ իրենց միջոցները թափանցիկ եւ պրոֆեսիոնալ ձեւով են կառավարվում: Ընտրությունը պետք է հիմնվի եկամտաբերության որոշակի ցուցանիշների եւ ռիսկերի կառավարման վրա: Երեք կենսաթոշակային ֆոնդերից մեկն ընտրելուց բացի՝ մարդիկ նաեւ կարող են վերաբաշխել իրենց ֆինանսական միջոցները ֆոնդերի միջեւ:

- 2019թ.-ի աշնանը Ձեր ընկերությունն ընդլայնեց իր ֆոնդերի ցանկը՝ առաջարկելով նոր՝  CQ Armenia Growth ներդրումային ֆոնդը: Այն ժամանակ դուք հայտարարել էիք, որ այդ ֆոնդը «ենթադրում եւ ակնկալում է դառնալ ճանաչված ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ներդրողների շրջանում»: Ձեր սպասումներն արդարացա՞ն:

- Սպասումներն արդարացան: Այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել, որ նախորդ տարվա արդյունքներով CQ Armenia Growth ֆոնդը գրանցել է 16,5% տարեկան եկամտաբերություն, որը շուկայում դիվերսիֆիկացված ֆոնդերի շարքում շատ բարձր արդյունք է:

Ֆոնդի գրանցումից անմիջապես մի քանի ամիս հետո՝ վերջին երեք-չորս տարիների ընթացքում, տարբեր մարտահրավերների ենք առերեսվել եւ ֆոնդը կարողացել է ցույց տալ, որ բավականին դիմակայուն է: Աշխարհաքաղաքական զարգացումների, համաճարակի, գնաճի ֆոնին ֆոնդը կարողացել է  ոչ միայն հաղթահարել նշված մարտահրավերները, այլ զարգանալ եւ գրանցել բարձր եկամտաբերության արդյունքներ:

Արման Վարդանյանը

Ֆոնդի նշանակությունը շուկայի համար կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ եթե կենսաթոշակային ֆոնդերը փակ համակարգ են եւ հասանելի են միայն պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար, CQ Armenia Growth ֆոնդը հասանելի է տարբեր շրջանակների ներդրողներին՝ ինչպես հայաստանյան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: CQ Armenia Growth ֆոնդը կարող է լինել արտասահմանյան այն ներդրողների ընտրությունը, ովքեր ուզում են մասնակից լինել Հայաստանի տնտեսության զարգացման պատմության գործում:  Ֆոնդը  ալտերնատիվ գործիք է նաեւ սփյուռքահայ ներդրողների համար, ովքեր ոչ մեծ ծավալի պորտֆելային ներդրումներ են ուզում կատարել եւ, օրինակ, մի քանի հարյուր դոլարի կամ եվրոյի միջոցների ներդրումով նպաստել Հայաստանի զարգացմանը: Մեր այս ֆոնդով այդ հնարավորությունը տրվում է մարդկանց: Մոտավորապես $200-250 եւ ավելի ներդրումային միջոցներ ունեցող մարդը հնարավորություն ունի գնել ֆոնդի փայեր եւ ստանալ դիվերսիֆիկացված պորտֆել:

- Վերջերս գործարկեցիք «Սոցիալական ներդրումային ֆոնդը», որը ներկայացվեց որպես իր տեսակի մեջ առաջինը: Խնդրում եմ, պատմեք այդ նախաձեռնության մասին եւ ուրվագծվո՞ւմ են արդյոք ֆոնդի առաջին շահառուները:

- Ընկերությունն իր գործունեության ողջ ընթացքում բարեգործության բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացրել սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծող տարբեր կազմակերպություններին եւ անհատներին ֆինանսավորելու միջոցով։

Իսկ «Սոցիալական ներդրումային ֆոնդը»-ի հիմնադրումը մեր ընկերության եւ բաժնետերերի կողմից ընկերության զարգացման հաջորդ փուլն է, որով ի լրումն մեր կենսաթոշակային ֆոնդերի, նպատակ ունենք զարգացնել նաեւ ակտիվների, պորտֆելների կառավարման այլ պրոդուկտներ։

Իր տրամաբանությամբ սոցիալական ֆոնդը եւս ներդրումային ֆոնդ է, որը նպատակ ունի խթանել Հայաստանում սոցիալ-տնտեսական աճը եւ նպաստել սոցիալական ազդեցություն ունեցող ներդրումային էկոհամակարգի զարգացմանը՝ աջակցելով բարեգործությունից  դեպի ֆինանսավորման առավել կայուն աղբյուրների անցմանը։

Ֆոնդը դիտարկելու է Հայաստանում գործող կամ Հայաստանում տնտեսական շահ հետապնդող այն ձեռնարկությունների ֆինանսավորումը, որոնք ֆինանսապես կայուն են կամ ունեն խոստումնալից բիզնես մոդել եւ միաժամանակ ցուցադրում են սոցիալական ազդեցության ներուժ:

Ներդրումներ կատարելիս կարեւորում ենք մարզերի համաչափ զարգացումը, կրթությունը, բնապահպանությունը, աշխատատեղերի ստեղծումն  ու ՄԱԿ–ի կայուն զարգացման 17 նպատակներին համահունչ այլ գործունեությունները։  Այս պահի դրությամբ ֆոնդի միջոցները գոյանում են մեր բաժնետեր ընկերությունների կողմից տարեկան հատկացումների շնորհիվ, բայց հետագայում այն հասանելի կլինի նաեւ հայաստանյան եւ արտասահմանյան այլ ներդրողների համար եւս:

Ֆոնդը թիրախավորում է ֆինանսական բավարար միջոցներ չունեցող, սակայն ձեռնարկատիրական ձիրք ունեցող անհատներին ֆինանսավորելու միջոցով նպաստել Հայաստանում աղքատության կրճատմանը։

- Այս տարի լրանում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման 10 տարին։ Ինչպիսի՞ն էին այս  10 տարիները ինչպես ոլորտի, այնպես էլ Ձեր ընկերության համար:

- 10 տարվա ընթացքում մենք գրանցել ենք ակտիվների կայուն աճ, ինչը հնարավորություն է տվել մեզ ֆոնդերի կառավարման համար գանձվող վճարը 0,15%-ային կետով նվազեցնել։ Կարեւոր այս փոփոխությունը, այլ հավասար պայմաններում, շուրջ 4%-ով կավելացնի ապագա կենսաթոշակառուների ամսական կենսաթոշակը։ Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության եւ ակտիվների աճի ցուցանիշները փաստում են, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումը եղել է հաջողված՝  արժանանալով  թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային փորձագետների բավականին բարձր գնահատականին: Այս տեսակետից եւս կարող ենք ասել, որ Հայաստանը բավական շահեկան դիրքերում է գտնվում՝ տարածաշրջանային երկրների համեմատ:

- Շարունակաբար կարեւորվում է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությունը: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս առումով եւ ինչո՞ւմ է կայանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարչի դերը նշված գործընթացում:

- Կարեւոր է նշել, որ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կապիտալի շուկայի զարգացմանն աջակցող ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացմամբ պայմանավորված՝ տնտեսության իրական հատվածում նկատվում է որոշակի ակտիվություն, ինչը շատ ողջունելի է։ Մենք կարեւորում ենք կապիտալի շուկայի զարգացումը եւ դրան նպաստելու համար ներդրումներ կատարելուց բացի նաեւ ակտիվորեն համագործակցում ենք ներդրումային բանկային ծառայություններ մատուցող մեր գործընկերների հետ, որպեսզի թողարկողներին ավելի հասանելի դարձնենք մեր ներդրումային պահանջներն ու չափանիշները, որոնք  մենք՝ որպես կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ սահմանում ենք՝  առաջնորդվելով մասնակիցների լավագույն շահերով։  

Արման Վարդանյանը

Ինչ վերաբերում է տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումներին, նշեմ, որ ֆոնդերի ակտիվների ավելի քան 2%-ը ուղղակի կամ անուղղակի ձեւով ներդրված է  տնտեսության իրական հատվածում՝ ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից թողարկած պարտատոմսերում ներդրումների միջոցով։ Ֆոնդերը նախկինում ներդրումներ ունեցել են նաեւ հեռահաղորդակցության եւ հանքարդյունաբերության ոլորտներում։ Այս պահին դիտարկում ենք իրական հատվածի ներդրումներ նաեւ ծառայությունների մատուցման, առողջապահության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

- 2023թ.-ի սեպտեմբերից հետո «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն արցախահայությանն ուղղված նախաձեռնություն իրականացրեց: Այս տեսանկյունից՝ որքանով են կարեւորվում Ձեր կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներն ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրերում:

- Մեր գործունեության հենց սկզբից միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել խոցելի խմբերի սոցիալական տարբեր զանգվածներին ինչ-որ ձեւով օգնելը։ 100 մլն դրամ մարդասիրական օգնություն ենք ցուցաբերել Արցախից տեղահանված ընտանիքներին՝ նպատակ ունենալով աջակցել հումանիտար աղետի արդյունքում տուժած երեխաներին եւ ընտանիքներին, որոնք կանգնած են իրենց կյանքը վերակառուցելու խնդրի առաջ։ Այն տեղահանված աշակերտները, ովքեր կընդունվեն Հայաստանում A-դասի կամ համարժեք ավագ դպրոցի ծրագիր, կարող են դիմել Ցե Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակին։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի կլինի մինչեւ 5 միլիոն դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար:

Հասանելի դպրոցներն ու ծրագրերն են Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիրը, Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիրը, UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիրը, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիրը, CIS Հայաստան միջազգային դպրոցի A-level ծրագիրը, Երեւանի QSI միջազգային դպրոցի AP Capstone Diploma ծրագիրը, «Այբ» դպրոցի Արարատյան բակալավրիատը եւ ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիրը: Նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։

Մեր ընկերությունը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է շարունակաբար աջակցել խոցելի խմբերին:

Կարեւորում ենք նաեւ սահմանամերձ շրջաններում «Արմաթ» լաբորատորիաների վերազինումը, որով փորձում ենք նպաստել նաեւ մարզերի հավասարաչափ զարգացմանը։

- Պարոն Վարդանյան, տարբեր վերլուծական կենտրոններ միակարծիք են, որ  աշխարհաքաղաքական լարվածությունն ու անորոշությունը լուրջ խնդիրներ են ստեղծում տարբեր ֆինանսական մեխանիզմների, հատկապես՝ ներդրումային գործիքների համար: Այս առումով՝ որքանո՞վ է դժվարացել աշխատանքը Ձեր ընկերության համար եւ ինչպե՞ս են կառավարվում ռիսկերը ստեղծված պայմաններում:

- Ներդրումային որոշումներ կայացնելիս մենք առաջնորդվում ենք ֆոնդերի ռազմավարական ծրագրով։  Միաժամանակ, մենք մշտապես դիտարկում ենք թե՛ տեղական եւ թե՛ արտասահմանյան ֆինանսական շուկաներում զարգացումները, որպեսզի մեր ներդրումային մարտավարական որոշումների շնորհիվ կարողանանք ձեւավորել այնպիսի պորտֆելներ ֆոնդերի համար, որոնք լավ պատրաստված են շուկայական դրական զարգացումների պայմաններում առավելագույն եկամտաբերության հասնելու, իսկ բացասական զարգացումների դեպքում նվազագույն վնասներ կրելու համար։ Այս գործում կարեւորում եմ մեր ընկերության կառավարման կուտակած փորձը եւ թիմը, մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ եւ էթիկական բարձր սկզբունքներով հնարավոր են դարձնում մարտահրավերների եւ խնդիրների արդյունավետ հաղթահարումը։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 4991
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai