Սեւադա Բաղդյան. Ղեկավարների աշխատաշուկան 2023 թվականին եւ ինչ սպասել այս տարի

15.01.2024 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Բոյդեն #Սեւադա Բաղդյան
Ղեկավարների աշխատաշուկայի մասին խոսել ենք Սեւադա Բաղդյանի հետ, ով ղեկավարների որոնմամբ եւ խորհրդատվությամբ զբաղվող աշխարհի առաջատար Բոյդեն ընկերության գործընկերն է Հայաստանում եւ Վրաստանում:

- Ինչպիսի՞ն էր ղեկավարների աշխատաշուկան Հայաստանում 2023 թվականին:

- Եթե կարճ պատասխանեմ, ապա նախորդ տարի այն գտնվում էր վերափոխման գործընթացում։

Հարցն ավելի ընդգրկուն ներկայացնելու համար, գամ մի քիչ հեռվից՝ հիմք ընդունելով Բոյդեն Հայաստանի տրամադրության տակ գտնվող տեղեկությունը։ Վերջին մի քանի տարիներին ՏՏ ոլորտի ընկերությունները եւ Հայաստանից դուրս աութսորս ծառայություններ տրամադրող այլ ընկերությունները, դինամիկ աճի արդյունքում այլ ոլորտներից մասնագետներ էին ներգրավում։ Եվ դա վերբերվում էր ոչ միայն ծրագրավորողներին, այլեւ ֆինանսական, մարքեթինգի, ՄՌԿ եւ այլ ուղղության ղեկավարներին, ովքեր մեծ պահանջարկ ունեին վերը նշված ընկերություններում։

Բացի ՏՏ ոլորտի ընկերություններից, ղեկավարների աշխատաշուկայի «տաք» լինելու վրա իր ազդեցությունն էր ունեցել նաեւ վերջին երկու տարիների տնտեսական ակտիվությունը։ Երբ ցանկացած բիզնես ունենում է ֆինանսական կայունություն, ապա ավելի համարձակ է լինում այլ ընկերություններից փորձառու ղեկավարներ հրավիրելու հարցում։

Եվ քանի որ որակյալ մասնագետների քանակը նույն տեմպով չէր աճում, ապա վերջին տարիներին տեղի էր ունենում աշխատաշուկայի «տաքացում», որն էլ հանգեցնում էր աշխատավարձերի կտրուկ աճի։ Շատ ժամանակ այն տեղի էր ունենում անհիմն, չունենալով բավարար փորձառություն, միջին օղակի մասնագետները ստանում էին ղեկավար դառնալու հնարավորություն եւ համապատասխան բարձր աշխատավարձ։

- Իսկ ի՞նչ փոխվեց 2023 թվականին:

- 2023 թվականի սկզբից ՏՏ եւ Հայաստանից դուրս աութսորս ծառայություններ տրամադրող ընկերություններն ունեցան ճգնաժամ՝ դրամի կտրուկ արժեւորման եւ համաշխարհային ՏՏ ոլորտի ճգնաժամի հետ կապված։ Օպտիմիզացիա կատարող ընկերությունների մեծ մասն առաջնահերթ հրաժարվեցին բարձր աշխատավարձ ստացող ոչ տեխնիկական մասնագետներից, այդ թվում` վերը նշված ղեկավարներից։

Մինչեւ 2023 թվականի կեսերն աշխատաշուկայի «տաք» մնալը մասամբ ապահովում էր ֆինանսաբանկային ոլորտը՝ մասնավորապես բանկերը եւ ներդրումային ընկերությունները, որոնք 1,5 տարի գեներացրել էին գերշահույթ եւ ակտիվ էին աշխատաշուկայում։

Տարվա երկրորդ կեսից որոշակի դժվարություններ սկսեցին ունենալ գրեթե բոլոր ոլորտների ընկերությունները։ Շատ բիզնեսներում սկսեց նկատվել աճի տեմպի դանդաղում կամ շրջանառության անկում։ Չնայած այս պահին դեռ չկա ճգնաժամ, սակայն նրանք սկսել են զսպված քաղաքականություն վարել, այդ թվում` ղեկավարների կոմպենսացիայի հարցում։ Ունենք նաեւ կրճատման դեպքեր։

- Այս պահին շա՞տ են ակտիվ աշխատանք փնտրող ղեկավարները:

- Չէի ասի, թե ակտիվ աշխատանք փնտրողներն էական շատացել են նախորդ տարիների համեմատ։ Սովորաբար լավ ղեկավարներին չեն կրճատում։ Այնպես, որ նրանք միեւնույն է ունեն աշխատանք։

Սակայն մի քանի փոփոխություն ունենք աշխատաշուկայում։ Քանի որ նոր բացվող հաստիքները համեմատած քիչ են, ապա եղած հաստիքների համար ստացվում է ավելի մեծ մրցակցություն, եւ գործատուն էլ ունենում է հնարավորություն ավելի ցածր աշխատավարձ բանակցել թեկնածուի հետ։ Նախորդ տարվա երկրորդ կեսից սկսած՝ աշխատանքային պայմանագրերը կնքվում են միջինից ցածր՝ 10-20 տոկոսով։

Բացի այդ փոխվել է գործադիր տնօրենների փնտրման ժամանակ վերջիններիս փորձի նկատմամբ պահանջները։ Հունիսից սկսած ամենամեծ պահանջարկն ունեն այն ղեկավարները, որոնք կարիերայի ինչ-որ փուլում ունեցել են ֆինանսիստի փորձառություն՝ թեկուզ ոչ ղեկավար դերում։ Ֆինանսական փորձով տնօրենները նախորդ տարիներին ամենամեծ պահանջարկն ունեցել էին Քովիդի տարում՝ 2020-ին, սակայն այդ ժամանակ նրանք երրորդ տեղում էին միայն։

Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է, երբ բիզնեսը պատրաստվում է հաղթահարել դժվար ժամանակներ։ Նման ղեկավարներն ավելի լավ են իրականացնում բիզնեսի ճգնաժամային կառավարում, օպտիմիզացիա եւ  առողջացման բազային հիմքի ստեղծում։

- Ինչքա՞ն կտեւի այս գործընթացը եւ ի՞նչ սպասենք 2024 թվականից։

- Ենթադրում եմ, որ 2024 թվականի առաջին վեց ամիսը նման կլինի 2023-ի վերջին վեց ամսվան։ Իսկ հետագան կախված կլինի շատ հանգամանքներից, այդ թվում՝ ոչ տնտեսական։

Անցած տարի համաշխարհային ֆինանսաբանկային ոլորտի բազմաթիվ ընկերություններ սկսեցին անձնակազմի կրճատումներ իրականացնել եւ, հավանաբար, այդ տենդենցը չի թուլանա 2024 թվականին։ Սովորաբար դրսի տենդեցները մի քանի ամիս հետո թուլացած տեմպով հասնում են Հայաստան։

Սակայն, քանի որ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը նախորդ տարիներին գեներացրել է բավարար շահույթ, չեմ կարծում, որ մեզ մոտ կլինեն կրճատումներ 2024 թվականի ընթացքում, սակայն ծախսերի օպտիմիզացիա եւ զսպված քաղաքականություն կտեսնենք։

Սեւադա Բաղդյանը


Նախորդ տարիներին ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտը, այլ գրեթե բոլոր ընկերություններն են ունեցել բարձր շահութաբերություն եւ եթե գրագետ ռազմավարություն իրականացնեն այս տարի, ապա կարծում եմ՝ կարող են առանց կորուստների դուրս գալ 2024 թվականից, ինչու ոչ՝ նաեւ օգուտով, քանի որ դժվար ժամանակները նաեւ նոր հնարավորությունների ժամանակներ են։

- Ինչպե՞ս կարող է Բոյդեն ընկերությունն օգնել Հայաստանյան բիզնեսներին ավելի անցավ անցկացնել 2024 թվականը։

- Դժվար ժամանակներում միշտ պետք է ինչ-որ բան ավելին անել, կամ ինչ-որ բան ավելի լավ անել։ Իսկ ընկերությունների հաջողություններում եւ անհաջողություններում միշտ կարեւորագույն դերն ունեն ղեկավարները։ Ինչպես ցույց է տալիս փորձը, ընկերությունները ոչ միշտ ունեն բավարար փորձառությամբ ղեկավարներ՝ բիզնեսի մարտահրավերները հաղթահարելու համար։

Իսկ մենք՝ Բոյդեն ընկերությունում, գիտենք՝ ինչպես գտնել եւ ընտրել ղեկավարներին:  Գիտենք նաեւ, թե ինչպես պետք է գործատուն համագործակցի նրանց հետ, որպեսզի վերջիններս ընկերություններին դուրս բերեն դժվարություններից կամ հասցնեն նոր բարձրունքների։

Կան նաեւ այլ լուծումներ, որոնք Հայաստանում շատ տարածված չեն, սակայն մենք կարող ենք օգնել ընկերություններին։

Միջանկյալ կառավարում (Interim Management)

Լինում են դեպքեր, երբ բիզնեսները կոնկրետ ժամանակահատվածում եւ կոնկրետ խնդրի լուծման համար ունեն հստակ փորձով ղեկավարի կարիք։ Սակայն երկար ժամանակահատվածի համար նման ղեկավարի կարիքը կամ չունեն, կամ բավարար ֆինանս չունեն։

Հենց նման դեպքերի համար կան միջանկյալ ղեկավարներ։ Ի տարբերություն զարգացած երկրների՝ Հայաստանում այս փորձը գրեթե չի կիրառվում։

Բիզնեսները կարող են ունենալ միջանկյալ ղեկավարների կարիք հետեւյալ դեպքերում եւ ոչ միայն՝

•    ընկերությունը հայտնվում է ճգնաժամում,
•    ընկերությունը ցանկանում է իրականացնել դիջիթլ տրանսֆորմացիա,
•    ընկերությունը պետք է հիմնի նոր ուղղություն (օրինակ՝ վաճառքի նոր ուղղություն կամ նոր արտադրական միավոր),
•    կարիք կա անսպասելի հեռացած ղեկավարին ժամանակավոր փոխարինելու։ Այն ընկերությանը կտա հնարավորություն առանց շտապելու գտնել խնդրի լավագույն լուծումը,
•    կարիք կա նախապատրաստվելու IPO-ի,
•    ընկերությունը ձեռք է բերում այլ բիզնես

Խորհրդատվական Խորհուրդ (Advisory Board)

Խորհրդատվական խորհրդում սովորաբար ներգրավված են լինում միջազգային հարուստ փորձառությամբ մասնագետներ, ովքեր բիզնեսներին տալիս են ստրատեգիկ հարցերի հետ կապված խորհրդատվություն՝ վաճառքի, մարքեթինգի, ֆինանսների, իրավաբանության, տեխնիկական եւ այլ ուղղությունների վերաբերյալ։

Կախված ընկերության տեսակից եւ առկա մարտահրավերներից՝ խորհրդատվական խորհրդում ներգրավված փորձագետների կազմը կարող է լինել տարբեր, ինչպես նաեւ կարող է հաճախ փոփոխվել։

Քանի որ խորհրդատվական խորհրդում ներգրավված մասնագետները տարվա կտրվածքով շատ ժամանակ չեն տրամադրելու ընկերությանը, այդ իսկ պատճառով ընկերությունները ստիպված չեն լինի վճարել ահռելի գումարներ, սակայն կստանան իսկապես որակյալ խորհուրդներ։

- Ինչի՞ն խորհուրդ կտաք ուշադրություն դարձնեն բիզնեսի ղեկավարները 2024 թվականին:

- Կարծում եմ՝ անկախ նրանից բիզնեսը գտնվում է դժվար փուլում, թե ոչ, 2024 թվականին պետք է խիստ կարեւորություն տալ արհեստական բանականության կիրառությանը բիզնեսում։ Կարելի է խոշորացույցով նայել ընկերության բոլոր պրոցեսներին եւ տեսնել, թե որ գործընթացում ինչ արհեստական բանականության լուծում կարելի է ինտեգրել։ Այս հարցին պետք է մոտենալ համակարգված եւ հիմնավոր, սկսած լուծումների ընտրությունից, մինչեւ նրանց պարտադիր կիրառելիությունը թիմի կողմից։ Պետք է թիմի հետ աշխատանք տանել, որպեսզի նրանք հասկանան, որ այս լուծումները նրանց գործազուրկ դարձնելու մասին չեն, այլ նրանց արտադրողականության բարձրացման եւ ավելի խորքային եւ մտավոր աշխատանք կատարելու հնարավորություն ունենալու մասին են։

Բացի այդ, կարծում եմ՝ ընկերությունները պետք է փնտրեն վաճառքի աճի նոր ուղիներ։ Այս թեման շատ ծավալուն է, այդ իսկ պատճառով կնշեմ միայն երկու գործոն՝ վաճառքի մեծացման հարցում լինել պրոակտիվ եւ կաղապարներից դուրս գործել (out of box): Դժվար օրերին միշտ նոր հնարավորություններ են ստեղծվում։
Դիտում՝ 9900
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai