«Հայաստանում արդյունավետ գյուղատնտեսությունը ֆանտաստիկայի ժանրից չէ»
23.10.2017 | 09:48
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն



Գիտելիքահեն գյուղատնտեսություն
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունը սկսվել է 2017թ. օգոստոսին՝ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) եւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) ու Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) հիմքի վրա:
«Երբ փորձեցինք ԾԻԳ-ի ձեւաչափը փոխել, ֆունկցիոնալ առումով ավելի ճկուն կառույց ստեղծել, որոշվեց ընտրել հիմնադրամի ֆորմատը,- ասում է Գեղամ Գեւորգյանը: -ԾԻԳ-ը զուտ ծրագիր իրականացնող կառույց էր, իսկ ԳԱՄԿ-երը խորհրդատվություն էին մատուցում: Որոշում ընդունվեց մի կառույցի տակ ստեղծել կենտրոնացված ծրագրերի կառավարման, զարգացման խումբ, որը կիրականացնի բոլոր դոնորների կողմից գյուղատնտեսության ոլորտում ֆինանսավորվող ծրագրերը»:
Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ իրենց գլխավոր տեսլականը գիտելիքի հիմքի վրա ստեղծված, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացումն է, որի համար մշակվել է 3 ուղղություն.
Ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղություն
Հիմնադրամի աշխատանքների այս բլոկն ուղղված է ներդրումների ներգրավմանը, դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններին եւ նրանց կողմից ֆինանսավորվող ծրագրերի ու պետության կողմից պատվիրված ծրագրերի կատարմանը:
«Մենք, փաստացի, իրականացնող, իմպլեմենտացնող մարմին ենք: Քաղաքականությունը, ռազմավարությունը մշակվում է նախարարության կողմից, իսկ մենք դրա կատարողն ենք»,- ասում է Գեղամ Գեւորգյանը:
Գիտահետազոտական ուղղություն
Այս ուղղության նպատակը գյուղատնտեսության խթանմանը նպաստող գիտության զարգացումն է:
«Գիտությունը եւ շուկան չպետք է կտրվեն իրարից,- շեշտում է հիմնադրամի տնօրենը: -Եթե ներքեւից ֆերմերը պատվեր է տալիս գիտությանը, վերջինս այդ խնդիրը պետք է լուծի, եւ հակառակը. գիտության տված պրոդուկտները շուկայում պետք է կարողանան առեւտրայնացվել»:
Խորհրդատվական ծառայություն (Extension Services)
Այս ծառայության շրջանակում հիմնադրամը տարբեր ձևաչափի խորհրդատվություն է տրամադրելու ֆերմերներին: Ի տարբերություն ԳԱՄԿ-երի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առանձին մեթոդաբանությունը, հիմնադրամը մշակել է համապարփակ ուղեցույց, որտեղ հստակ սահմանված են աշխատանքի սկզբունքներն ու արդյունքային ցուցանիշները:
Ընդ որում, խորհրդատվության թեմաները եւս հիմնադրամը միանձնյա չի որոշում. «Գրություն ենք գրել ե՛ւ գյուղատնտեսության նախարարություն, ե՛ւ մարզպետարաններ, որպեսզի տարեկան խորհրդատվության թեմաներ տան,- ասում է հիմնադրամի ղեկավարը: -Կարող են լինել նաեւ թեմաներ, որոնք հրատապ են, եւ տարվա ընթացքում ցանկը կարող է փոփոխման ենթարկվել»:
Գյուղտեխնիկայի կայաններ
Գեղամ Գեւորգյանը նշում է, որ հիմնադրամի շրջանակում կարեւոր նորություններից է պետական-մասնավոր հատված համագործակցությամբ հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացումը: Հենց նման համագործակցությամբ էլ որոշվել է հիմնել գյուղտեխնիկայի կայաններ:
Հայաստանում գյուղատնտեսության մեջ կիրառվող տեխնիկան հիմնականում խորհրդային տարիներից մնացած, մաշված տեխնիկա է, որը թարմացման կարիք ունի: Դրա համար առաջարկվում է մի շարք տարբերակներ. մեկը CARMAC-ի (Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիր) շրջանակում իրականացվող ծրագիր է, որով կոոպերատիվներին 20% ներդրման պարագայում պետությունը 80%-ով ֆինանսավորում է գյուղտեխնիկայի ձեռքբերումը: Այս պարագայում հիմնականում ձեռք են բերում բելառուսական կամ ռուսական արտադրության տեխնիկա, քանի որ կոոպերատիվների համար ֆինանսական առումով այն ավելի մատչելի է:
Հաջորդ ծրագիրը գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրն է, որով գյուղացուն տեխնիկայի ֆինանսական վարձակալություն է տրամադրվում 2% տոկոսադրույքով:
Երրորդ ծրագիրն արդեն իրագործվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի շրջանակում եւ իրենից ներկայացնում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում գյուղտեխնիկայի կայանների հիմնում Հայաստանի տարբեր մարզերում: Ծրագրի իրականացման համար պետությունը հատկացրել է 700 մլն դրամ՝ գերժամանակակից տեխնիկա գնելու համար: Հիմնադրամը նախատեսում է, որ նման կայանները կկարողանան սպասարկել մինչեւ 16 հազ. հա տարածք:
«Հայաստանում մենք չունենք մեծ թվով խոշոր ֆերմերային տնտեսություններ, իսկ փոքր ու միջինները չեն կարողանում իրենց թույլ տալ ձեռք բերել նման տեխնիկա: Գաղափարն այն է, որ այդ կայանների միջոցով բարձրակարգ գյուղտեխնիկայի ծառայություն մատուցվի փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին: Այսինքն, գյուղացին վճարում է մատուցված գյուղատնտեսական ծառայության դիմաց»,- ասում է Գեղամ Գեւորգյանը:
Նմանատիպ կայան արդեն հիմնվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում, ընդ որում՝ այն ամբողջությամբ նախաձեռնվել եւ իրականացվել է մասնավոր հատվածի կողմից:
Աշխարհագրական թվայնացված համակարգ
Հիմնադրամի կարեւոր ծրագրերից է գյուղատնտեսության մոնիթորինգի շրջանակում ներդնել աշխարհագրական թվայնացված համակարգ, որով նախատեսվում է կատարել հողերի քարտեզագրում, հաշվել մշակվող եւ անմշակ, ոռոգվող եւ անջրդի հողերը, ինչը հետագայում հիմք կհանդիսանա՝ գոտիավորելու տարածքները եւ հաշվելու՝ որ տարածքում ինչ մշակաբույսի անհրաժեշտություն եւ պայմաններ կան:
Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ խորհրդային տարիներին նման քարտեզներ եղել են, սակայն ժամանակակից տեխնոլոգիան զգալիորեն հեշտացրել է այդ գործը: Մասնավորապես, անհրաժեշտ է համակարգում մուտքագրել որոշակի տվյալներ՝ կլիմա, հողի բարձրություն, ջերմաստիճան, տեղումների միջին տարեկան քանակ, խոնավություն եւ այլն, իսկ համակարգը որոշում է՝ որ տարածաշրջանն ինչ մշակաբույսերի աճեցման համար է առավել նպաստավոր:
Մոնիթորինգի շղթան փակում է շուկաների ուսումնասիրությունը, որով պետք է պարզել, թե որ սեզոնին որ շուկայում ինչի անհրաժեշտություն կա: «Օրինակ, Սյունիքում ծիրանը վաղ է հասնում, գինը շատ բարձր է, հետո ուշ հասնող ծիրանի գինն է բարձր լինում: Հիմա սա մեծացրե՛ք եւ պրոյեկտե՛ք դրսի շուկաների վրա,- մեկնաբանում է Գեղամ Գեւորգյանը: -Եթե գիտես, որ այսինչ շուկայում կա այսինչ մթերքի անհրաժեշտությունը, իսկ մոնիթորինգի տվյալներով արդեն պարզվել է՝ որտեղ ինչ կարող ես աճեցնել, ապա այս երկուսի համադրությամբ ունենում ես արդյունավետ գյուղատնտեսություն»:
1 բրենդ, տարբեր արտադրողներ
Զարգացած գյուղատնտեսության վերջին շղթան ստացված արտադրանքի սպառումն է: Փոքր տնտեսությունների համար դա լրացուցիչ բեռ է, քանի որ անհրաժեշտ է ոչ միայն գտնել համապատասխան շուկաներ, այլեւ զբաղվել փաթեթավորման եւ բրենդինգի հարցերով: Հետեւաբար, հիմնադրամը նախատեսում է մշակել ստանդարտներ, որոնց համապատասխանելու դեպքում տարբեր արտադրողներ կարող են համախմբվել եւ հիմնադրամի աջակցությամբ նույն բրենդի ներքո արտահանել իրենց արտադրանքը:
Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ նման օրինակները բազմաթիվ են արեւմտյան երկրներում, անգամ տարածաշրջանում: Մասնավորապես, Վրաստանում Georgian Wine ապրանքանշանի ներքո հավաքված են տարբեր արտադրողներ:
10 տարի հետո...
Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ իրենց կողմից իրականացվող ծրագրերը կատալիզատորներ են, որոնք կարող են ոգեշնչել ե՛ւ մասնավոր հատվածին, ե՛ւ գյուղացիներին:
«Մենք չենք կարող մեկ տարում ամբողջ Հայաստանը ծածկել այգիներով, նոր ոռոգման համակարգերով եւ այլն: Մենք ստեղծում ենք կատալիզատորներ, հնարավորություն: Օրինակ, եթե կաթիլային ոռոգումը զարգանում է, սկսում է դրա համար անհրաժեշտ խողովակների, ցանցերի արտադրություն, դրանք մտնում են շուկա, առաջանում է մրցակցություն, գինը իջնում է»,- մեկնաբանում է նա:
Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ արդյունավետ գյուղատնտեսությունը ֆանտաստիկայի ժանրից չէ: Նա հավատում է, որ 10 տարի հետո Հայաստանն ունենալու է «Իսրայելի նման զարգացած գյուղատնտեսություն», քանի որ դրա համար առկա են թե՛ մարդկային կարողություններ, թե՛ ցանկություն:
«Եթե մենք համատեղ ծրագրերը հստակ իրագործենք, ամեն ինչ ճիշտ կիրառենք, ապա շատ բան կարող ենք փոխել,- ասում է Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ այդ գործում շատ կարեւոր է մարդկային գործոնը, գյուղացիների շահագրգռվածությունը: -Այսօր շփվելով ֆերմերի հետ՝ մենք տեսնում ենք անկեղծ հավատ, մենք ինքներս էլ հավատում ենք: Ամեն ինչ անում ենք, որ հասնենք արդյունքի»:
Վիկտորյա Անդրեասյան
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: