Հայ կանայք բիզնեսում ՝ ՎԶԵԲ-ի օգնությամբ

21.07.2017 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ՎԶԵԲ #«Ինգրեդիենտ» #LOOM Weaving
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Գործարար կանայք» ծրագիրն արդեն մի քանի տարի է, ինչ  ֆինանսական եւ խորհրդատվական աջակցություն է տրամադրում կանանց կողմից ղեկավարվող փոքր եւ միջին ձեռնարկություններին:

ՎԶԵԲ-ի միջոցով Եվրոպական միության եւ Շվեդիայի կառավարության կողմից 26 երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցությունից օգտվում են նաեւ հայ կին գործարարները։ Banks.am-ը ներկայացնում է «Գործարար կանայք» ծրագրի շահառուներից երկուսի հաջողված պատմությունները։

Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն առողջ սնվելու գաղափարը տարածելու համար 2014-ին բացեց «Ինգրեդիենտ» սրճարանը, որի մենյուն տարբերվում է քաղաքի մյուս սրճարանների մենյուներից։ «Ինգրեդիենտում» չեն օգտագործում արհեստական հավելումներ, տապակած մթերքներ, սպիտակ ալյուր, շաքարավազ, վերամշակած սննդամթերք։  

Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը

2015-ին մասնակցելով ՎԶԵԲ-ի կողմից կին գործարարների համար կազմակերպված դասընթացին՝ Վարդանուշ Պետրոսյանը բիզնեսի նոր հմտություններ ձեռք բերեց՝ նորաստեղծ սրճարանի առաջխաղացման սեփական նախագիծը կազմելով։

«Դասընթացի վերջում մեզ առաջարկեցին ՏՏ կոնսուլտացիա անցնել, որի վերջում որոշեցինք սրճարանի համար կայք պատրաստել ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված €5000 համաֆինանսավորմամբ։ Ստեղծեցինք ingredient.am-ը, որտեղ հասանելի է սրճարանի մենյուն, ներկայացված են մեր խորհուրդներն առողջ սնվելու վերաբերյալ, կա նաեւ առցանց պատվիրելու հնարավորություն»,- ասում է Վարդանուշ Պետրոսյանը։

ՎԶԵԲ-ի համաֆինանսավորմամբ ստեղծված կայքը

Նրա խոսքով՝ կայքի գործարկումից հետո հաճախորդների թիվն ու առցանց պատվերների քանակը որոշակիորեն ավելացել է։ Նախորդ տարի Վարդանուշ Պետրոսյանը ՎԶԵԲ-ից մեկ այլ համաֆինանսավորում է ստացել՝ սրճարանի մարդկային ռեսուրսների եւ ֆինանսների կառավարման ճյուղը բարելավելու համար։

Ինգա եւ Էլեն Մանուկյան քույրերը նույնպես այն կին ձեռնարկատերերից էին, որոնք իրենց բիզնեսի զարգացման համար դիմել են ՎԶԵԲ-ի օգնությանը։ 2014-ին Ինգան ու Էլենը հիմնեցին հագուստի արտադրությամբ զբաղվող LOOM Weaving ընկերությունը։ Ինգան զբաղվում է հագուստի մոդելավորմամբ եւ արտադրության վերահսկմամբ, Էլենը՝ կազմակերպչական եւ ղեկավարման հարցերով։

LOOM Weaving-ի համահիմնադիր Ինգա Մանուկյանը

Քույրերը կենտրոնացել են հիմնականում բրդյա գործվածքից կանացի եւ տղամարդու հագուստի մոդելավորման եւ արտադրության ուղղությամբ։ Փոքր միջոցներով հիմնված բիզնեսին 2015-ին օգնության հասավ «Գործարար կանայք» ծրագիրը։

«Մասնակցեցինք կին ձեռներեցների համար կազմակերպված դասընթացին, որի վերջում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի €5500 համաֆինանսավորմամբ ստեղծեցինք LOOM Weaving-ի բրենդային ոճը, առաջին կատալոգը տպեցինք, պրոֆեսիոնալ ֆոտոշարքեր ունեցանք, որի արդյունքում վաճառքների ծավալներն ավելացան»,- պատմում է հագուստի մոդելավորող Ինգա Մանուկյանը։  

Այժմ նրանց ստեղծած հագուստի շարքը վաճառվում է «5 Concept» խանութ-սրահում, որտեղ ներկայացված են 5 հայ հագուստ արտադրողներ։

Հագուստի արտադրությամբ զբաղվող Մանուկյան քույրերն ասում են, որ բրենդիգի ստեղծման համաֆինասավորմամբ իրենց եւ ՎԶԵԲ-ի համագործակցությունը չի ավարտվել։ Եւս մի համաֆինանսավորմամբ վաճառքների եւ արտադրության կառավարման ծրագրային ապահովում են պատվիրել։

LOOM Weaving-ի արտադրած կանացի հագուստի մոդելները

«Գործարար կանայք» ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի
Դիտում՝ 102475
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW