Volterman-ի սմարթ դրամապանակը՝ միշտ տիրոջ հետ

31.05.2017 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Volterman #Ազատ Թովմասյան
Հայաստանում գործող Volterman ստարտափը մշակել է սմարթ դրամապանակ, որը հնարավորություն է տալիս անվտանգ պահել դրամապանակը, իսկ կորցնելու դեպքում՝ այն հեշտությամբ գտնել:

Banks.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Ազատ Թովմասյանը պատմել է, որ թիմը ներկայում կազմված է 4 հոգուց, իսկ ընդհանուր նախագծի վրա շուրջ 30 կամավոր է աշխատում:

«Սմարթ դրամապանակն ունի 5 առանցքային գործառույթ: Power Bank-ի օգնությամբ դրամապանակից հնարավոր է հեռախոսը լիցքավորել մինչեւ 100%: Այն դեպքում, երբ դրամապանակն ու հեռախոսը միմյանցից հեռու գտնվեն, Bluetooth Alarm գործառույթի շնորհիվ դրանք միմյանց ազդանշան կհաղորդեն, այսինքն՝ եթե մոռանաք դրամապանակը ինչ-որ տեղ, ապա ձեր հեռախոսը կհիշեցնի դրա մասին կամ հակառակը: Եթե դրամապանակը գողացել են, եւ հեռախոսի ազդանշանը չեք լսել, ապա Global GPS Tracker-ի օգնությամբ հնարավոր է online քարտեզի վրա (ամբողջ աշխարհով մեկ) տեսնել, թե որտեղ է այն այդ պահին կամ թե գողացողն ուր է փախչում»,- դրամապանակի գործառույթները ներկայացրել է Ազատ Թովմասյանը:

Նրա խոսքով՝ դրամապանակն ունի WiFi Hotspot, որի միջոցով աշխարհի ցանկացած կետում հնարավոր է օգտվել ինտերնետ ռոումինգի ծառայությունից, որի սակագները սովորական ինտերնետային ռոումինգից 10 անգամ էժան են:

«Եթե հանդգնեն առանց տիրոջ իմացության բացել դրամապանակը, ապա փոքր տեսախցիկը կլուսանկարի բացողի դեմքը եւ նկարները կուղարկի ձեր հեռախոսին: Մենք մշակել ենք դրամապանակ, որը չի կորում, իսկ եթե այն գողանան, ապա կգտնեք ոչ միայն դրամապանակը, այլեւ կստանաք գողացողի լուսանկարները»,- պատմել է Volterman ստարտափի հիմնադիրը:
 
Անդրադառնալով հարցին, թե ինչով է տարբերվում Volterman-ը մյուս սմարթ դրամապանակներից, Ազատ Թովմասյանը նշել է, որ շուկայում առկա դրամապանակներն ունեն միայն Bluetooth Alarm ֆունկցիա կամ Power Bank, սակայն իրենք չեն հանդիպել դրամապանակի, որն ունենա տեսախցիկ, WiFi, GPS տեղորոշիչ:

Խոսելով պրոդուկտի բիզնես մոդելի մասին՝ Ազատ Թովմասյանը նշել է, որ համագործակցել են GlobalAm ՀԿ-ի հետ, որն օգնել է դիզայներական, մարքեթինգային եւ crowdfunding հարթակներում արշավներ սկսելու հարցերում։

«Արտադրությունը կմեկնարկի Crowdfunding-ից հետո։ Էլեկտրոնիկան կարտադրվի Չինաստանում, քանի որ Հայաստանում այն արտադրելն ուղակի անհնար է, իսկ կաշին եւ հավաքման պրոցեսը կկատարվի Հայաստանում: Հունիսին կմեկնարկենք Crowdfunding հարթակներում առաջին վաճառքները, սակայն ցածր գնով ձեռք բերելու համար հարկավոր է նախապես այցելել Volterman.com, թողնել ձեր էլհասցեն, հակառակ դեպքում՝ այն թանկ կգնեք: Crowdfunding-ի ավարտից հետո Volterman-ը կսկսի վաճառվել համաշխարհային օնլայն խանութներում»,- նշել է նա:

Volterman-ը մայիսի սկզբին Երեւանում կայացած Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի արդյունքներով ստացել է դրամաշնորհ:

Ազատ Թովմասյանը նշել է, որ ներկայում ներդրումային առաջարկներ ունեն թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից:

Նարինե Դանեղյան
Դիտում՝ 109495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW