Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերությունը Գյումրիում նախատեսում է հիմնել կարի ֆաբրիկա` 700-800 աշխատատեղի ստեղծմամբ:Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է այս ուղղությամբ կատարված աշխատանքներին: Ֆաբրիկան կառուցվում է $12 մլն արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում: Այդ նպատակով կառավարությունն ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը եւ հարակից տարածքները:«Սաստեքս»-ի տնօրեն Քրիստիան Գելեջին վարչապետին տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավարտին են հասցված հիմքերի ամրացման աշխատանքները, շենքը սեյսմակայուն է եւ գրեթե պատրաստ շահագործման, մնացել են ներքին եւ արտաքին հարդարման, էլեկտրական հոսանքագծերի կառուցման աշխատանքները:Ֆաբրիկան բաղկացած է լինելու 5 շինությունից: Մարզային հիվանդանոցի շենքը ծառայելու է որպես ուսումնական կենտրոն, որտեղ տեղավորվելու է նաեւ ընկերության վարչական մասը, պատրաստի արտադրանքի ցուցադրության սրահը: Նախատեսվում է արտադրանքի 90%-ն արտահանել: Քրիստիան Գելեջին նաեւ նշել է, որ նորակառույց գործարանի հարեւանությամբ կան տնակներ, որոնք տարածքից հեռացնելուց հետո այնտեղ ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր է առաջանում, եւ այդ նպատակով նույն տարածքում 16 ընտանիքի համար կառուցվում են միահարկ տներ, որոնք կտրամադրվեն անհատույց: Առաջին 8 տունը պատրաստ կլինեն այս տարվա հուլիսին:«Սաստեքս»-ի տնօրենը վարչապետին դիմել է երկաթգծի մոտ գտնվող չօգտագործվող շինությունները եւս իրենց տրամադրելու խնդրանքով, եւ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանն այս հարցում:Նշենք, որ «Սաստեքս»-ը ներկայում գործունեություն է ծավալում Երեւանում, Վանաձորում, Ամասիայում: Tweet Դիտում՝ 3565