Ընտանեկան բիզնես Բաղանիսում. երազանքից՝ իրականություն

01.02.2017 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող Նունե Եդիգարյանը տարիներ շարունակ երազել է հագուստի ձեւավորման սեփական բիզնեսն ունենալ: Մայրաքաղաքից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Բաղանիսում այսօր նա հիմնել է կարի փոքրիկ արտադրամասը, որի արտադրանքը վաճառվում է շրջակա համայնքներում:

Banks.am-ը փորձել է պարզել՝ ինչ նպատակ ունի Տավուշի մարզի Բաղանիս համայնքում ընտանեկան բիզնեսի աջակցման ծրագիրը, եւ ինչ փուլում է այն գտնվում:

Կայուն եկամտի աղբյուր

Բաղանիսում «Սահման» հասարակական կազմակերպությանը լավ են ճանաչում՝ մեծից փոքր: Տարիներ շարունակ «Սահմանի» գործունեության հետ են կապվում համայնքում շահագործման հանձնված ջերմոցները, մեղվապահության բազմաթիվ ծրագրերը:

«Սահման» ՀԿ-ի  համահիմնադիր Անահիտ Նազարյանը, որը նաեւ Բաղանիսում ընտանեկան բիզնեսի աջակցության ծրագրի ղեկավարն է, Banks.am-ի հետ զրույցում պատմում է, որ իրենց գործունեության ընթացքում, որպես կանոն, շեշտը դրվում է հենց ընտանիքների վրա՝ փորձելով նրանց համար ստեղծել կայուն եկամտի աղբյուր:Բաղանիսում տարիների հաջող աշխատանքային փորձի, մարդկանց հետ շփումների արդյունքում այս անգամ որոշվել է խթանել համայնքում ընտանեկան ձեռնարկատիրությունը:

«Նախկինում ունեցել ենք ջերմոցների եւ մեղվապահության ծրագրեր Նոյեմբերյանի տարբեր համայնքներում, սակայն ընտանիքներ կային, որ ջերմոցի համար տեղ չունեին կամ ինչ-ինչ պատճառներով մեղվապահությամբ չէին կարող զբաղվել: Որոշեցինք՝ մի փոքր մոդելը փոխել, մարդկանցից հարցնել՝ իրենք ինչով են ուզում զբաղվել,եւ իրենց ուզածը փորձենք իրականացնել հենց իրենց համայնքում»,- պատմում է Անահիտ Նազարյանը:

5 շահառու

Ծրագրի մասին հայտարարելուց հետո համայնքի ներկայացուցիչներին 15 օր ժամանակ է տրվել՝ գաղափարներ առաջարկելու համար: Բիզնես-առաջարկ ներկայացնելու նախնական թրեյնինգից հետո ծրագիրը ստացել է 9 հայտ, որից ընտրվել է 5-ը՝ փխրեցման ծառայությունների մատուցում, խոտհունձի կազմակերպման ծառայությունների մատուցում, կարի արտադրամաս, ձկան խանութ (հետագայում սեփական ձկնաբուծարանի ստեղծում), սուրճի ավտոմատ պատրաստման սարք:

Ծրագիրը ֆինանսավորվում է «Հայ արծիվներ» ամերիկյան նորաստեղծ հիմնադրամի կողմից, որը յուրաքանչյուր շահառուի տրամադրում է 600 հազ. դրամի սարք-սարքավորում:

«Ի սկզբանե պայմանն այնպիսին էր, որ մենք աջակցություն տրամադրելու ենք միայն սարք-սարքավորումների տեսքով, այսինքն՝ ոչ մեկին գումար, որպես այդպիսին, չենք տրամադրելու, այլ իրենց փոխարեն գնելու ենք իրենց պահանջած ապրանքը»,- պատմում է Անահիտ Նազարյանը՝ հավելելով, որ այդ կերպ պարզապես փորձել են նվազեցնել ռիսկերը:

Որպեսզի շահի համայնքը

Շահող ծրագրերն ընտրվել են «Սահման» ՀԿ-ի անդամների կողմից՝ քվեարկության արդյունքում: Անահիտ Նազարյանի խոսքով՝ ծրագրերն ընտրելիս առաջին հերթին հաշվի է առնվել, թե որքանով ենք դրանք իրատեսական եւ որքանով են բխում համայնքի առաջնային կարիքներից:

«Ընտրվել են այն ծրագրերը, որոնք քիչ թե շատ նաեւ համայնքին են օգուտ բերելու: Օրինակ, ունենք ծխեցման եւ խոտհունձի ծրագրեր, որոնց պահանջն այսօր կա համայնքում, եւ բացի տվյալ շահառուից, օգուտ է բերելու համայնքի այլ բնակիչների: Ունենք կարի արտադրամաս, որը դարձյալ հոգալու է ոչ միայն իր խնդիրը, այլեւ համայնքի խնդիրները»,- ասում է Անահիտ Նազարյանը:

Ծրագրի այս փուլում արդեն սարք-սարքավորումներ են տրամադրվել կարի արտադրամասին եւ ձկան խանութին, որոնց հիմնումը սեզոնայնության հետ կապ չունի:

«Դիմել եմ ծրագրին, շահել եմ մեքենա»

«Բաղանիսում կարի ֆաբրիկա չկար, իսկ ես տարիներ շարունակ երազել եմ, որ ես պիտի բացեմ այն»,- ասում է Նունե Եդիգարյանը:

34-ամյա Նունեն ծրագրի միակ կին շահառուն է: Լինելով հագուստի մոդելավորող՝ Նունեն որոշ ժամանակ աշխատել է Նոյեմբերյանի կարի ֆաբրիկայում՝ երազելով մի օր սեփական բիզնեսը հիմնել:

«Իմանալով ծրագրի մասին՝ դիմել եմ եւ շահել եմ մեքենա»,- կատակում է Նունեն՝ հստակեցնելով, որ ծրագրից ստացել է 2 արտադրական կարի մեքենա, մեկ պրոֆեսիոնալ արդուկ՝ իր հարակից պարագաներով:

Կարի արտադրամասն առայժմ գործում է տանը հատկացված առանձին սենյակում: Երկու երեխաների մայրը նշում է, որ սկսել է անկողնային պարագաների արտադրությունից, որոնք արդեն վաճառքի են դրվել Նոյեմբերյանի եւ հարակից գյուղերի խանութներում:

Թեեւ այսօր արտադրամասի միակ աշխատողը Նունեն է, բայց վստահ է՝ ցուցանակը տեղադրելուց հետո պատվերները կշատանան, գործն առաջ կգնա եւ ժամանակի ընթացքում լրացուցիչ աշխատակից ներգրավելու անհրաժեշտություն կառաջանա:

Խորհրդակցություն

Բացի ֆինանսական աջակցությունից՝ շահառուների հետ աշխատանքներ են տարվում նաեւ բիզնես վարելու հմտություններին ծանոթացնելու ուղղությամբ:

Մասնավորապես, բոլոր սարքավորումների տրամադրումն ավարտին հասցնելուց հետո շահառուների հետ կանցկացվի թրեյնինգ՝ բիզնես վարելու, մարկետինգային հնարքներին ծանոթացնելու վերաբերյալ, ինչպես նաև դասընթացներ՝ հաշվապահության, հարկային դաշտում աշխատելու վերաբերյալ:

«Իսկ առհասարակ, ծրագրի ամբողջ փուլում մենք մեկ տարի շարունակ մոնիթորինգ ենք անելու նրանց աշխատանքները, այդ ամբողջ ընթացքում նրանք կապի մեջ են լինելու մեզ հետ, եւ մենք խորհուրդներ են տալու՝ ինչպես գովազդ անել, ինչպես պաստառ պատրաստել, ինչ անուն ընտրել բիզնեսի համար, ինչ գներ առաջարկել եւ այլն»,- նշում է Անահիտ Նազարյանը:

Որ գյուղացու աչքը դուրսը չլինի

Խոսելով ընտանեկան բիզնեսի աջակցման ծրագրի մասին՝ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը դժվարանում է բառեր գտնել՝ դրա արդյունավետությունը գնահատելու համար:

Նրա խոսքով՝ համայնքում մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը դաշտավարությունն ու անասնապահությունն է, որոշներն էլ պայմանագրային զինծառայություն են անցնում Բաղանիսի զորամասում:

Այնուամենայնիվ, համայնքապետը ցավով նշում է, որ, չնայած ունեցած ներուժին, համայնքի բնակիչներն անձնական նախաձեռնություններով հանդես չեն գալիս. մարդկանց շրջանում դեռ արմատացած է խորհրդային տարիներից եկող այն մտածելակերպը, որ ինչ-որ մեկն իրենց համար աշխատատեղ պիտի ստեղծի, իրենք էլ աշխատեն:

Այս համատեքստում համայնքի ղեկավարն անչափ կարեւորում է ընտանեկան բիզնեսի աջակցության ծրագիրը՝ նշելով, որ դրանով ոչ միայն զբաղվածության, այլեւ արտագաղթի խնդիր է լուծվում:

«Ծրագիրն ինքնին, իսկապես, շատ կարեւոր է, եւ ուշագրավ է, որ ընտրվել են երիտասարդ շահառուներ, որոնց հնարավորություն է տրվում սեփական բիզնեսը հիմնել եւ դրսի վրա աչք չունենալ»,- ոգեւորությամբ ասում է Նարեկ Սահակյանը:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 2506
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW