3D տպիչներ. Արտադրված է Գորիսում

11.03.2016 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա գտնվող Գորիսը շատերիս պատկերացումներում փոքրիկ պրովինցիալ քաղաք է, որտեղ նոր տեխնոլոգիաները սովորականից ավելի ուշ են հասնում, գործարար շրջանակներն  էլ կարծես սահմանափակվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: 2015թ. ամռանը երիտասարդ ծրագրավորող-ինժեներներ Արթուր Խոջաբաղյանն ու Հրայր Առուստամյանը որոշեցին փոխել մեր պատկերացումներն ու Հայաստանի հարավում եռաչափ տպիչների արտադրություն հիմնել: «ՕգմենթԱր» ընկերության արտադրած տասնյակ տպիչներն արդեն կիրառվում են Հայաստանի դպրոցների ռոբոտաշինության ու ինժեներական խմբակներում:

Սիլիկոնային Գորիսի ասպետները


«ՕգմենթԱր»-ի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը
Լուսանկարը՝  Արթուր Խոջաբաղյանի անձնական արխիվից

«Սովորել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետեւ՝ աշխատել մի քանի ՏՏ ընկերություններում: 2012թ. «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանից առաջարկ ստացա իմ ծննդավայր Գորիսում սկսել ընկերության մասնաճյուղի հիմնման աշխատանքները,- պատմում է ընկերության համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը: -Այդ գաղափարն ինձ իդեալական էր թվում, ու շատ արագ կյանքի կոչեցինք: Երեք տարվա ընթացքում քիչ-քիչ ծնվեց Գորիսում սեփական ընկերություն ստեղծելու միտքը: Նախորդ տարի ընկերոջս՝ Հրայր Առուստամյանի հետ որոշեցինք հիմնել «ՕգմենթԱր»-ը՝ Գորիսում սկսելով եռաչափ տպիչների արտադրությունը»:  


«ՕգմենթԱր»-ի համահիմնադիր Հրայր Առուստամյանը
Լուսանկարը՝  Հրայր Առուստամյանի անձնական արխիվից

Հրայր Առուստամյանի խոսքով՝ իրենք կարողացան մտածելակերպ փոխել ու հեղափոխել պատկերացումները Գորիսի հնարավորությունների մասին. «Այն ժամանակ քչերն էին հավատում, որ հեռու այդ քաղաքում հնարավոր է եռաչափ տպիչ արտադրել. շրջաններում չկային համապատասխան մասնագետներ, իսկ ծնունդով գորիսեցիներն էլ, հարմարվելով երեւանյան կյանքին, հիմնականում չէին ցանկանում վերադառնալ՝ մարզում աշխատելու: Բայց այսօր արդեն կայուն զարգացող ընկերություն ունենք, որի արտադրանքը կիրառում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում»:

ՏՏ կրթություն` դպրոցականների համար

«ՕգմենթԱր»-ի միակ պատվիրատուն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԻՏՁՄ), որն իրականացնում է հանրակրթական դպրոցներում ռոբոտաշինության խմբակների եւ ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը: Աշակերտները համակարգչային ծրագրով նախագծում ու եռաչափ տպիչներով պատրաստում են փոքրիկ խաղալիքներ, շախմատի քարեր, հուշանվերներ ու անգամ հենց նույն տպիչի պլաստմասե դետալները՝ նորն արտադրելու համար:


Ռոբոտաշինության խմբակի եռաչափ տպիչը  
Լուսանկարը՝ Մեդիամաքս

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ռոբոտաշինության խմբակների ու ինժեներական լաբորատորիաների ծրագրի մասին ընդգծված խանդավառությամբ է պատմում:

««ՕգմենթԱր»-ը Գորիսում մեծ գործ է սկսել՝ ապահովելով եռաչափ տպիչների պահանջարկի մեծ մասը: ԻՏՁՄ-ի նպատակն է նպաստել որակյալ ծրագրավորողների ու ինժեներների ավելացմանը՝ Հայաստանը դարձնելով զարգացած տեխնոլոգիական երկիր: Ամբողջ աշխարհում միլիոնավոր նման մասնագետների պահանջարկ կա, որը կարող է հենց Հայաստանը ապահովել: Այդ խնդրի լուծումը մենք տեսնում ենք հանրակրթական դպրոցից երեխաների կրթությանը նպաստելու մեջ: Ռոբոտաշինությունն ու ինժեներական աշխատանքը զարգացնում են դպրոցականների միտքը՝ նրանց առջեւ բացելով նոր հորիզոններ»,-ասում է Կարեն Վարդանյանը:  
 
Տպիչները՝  գործնական կիրառության մեջ

Եռաչափ տպիչների հետքերով հասանք Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում գործող ռոբոտաշինության խմբակ: Այստեղ հաճախում են տարբեր դպրոցների տասնյակ աշակերտներ: Նրանք նախագծում են համակարգչային խաղեր ու ռոբոտներ, փորձարկում եռաչափ տպիչներն ու շաղափային հաստոցները՝ պատրաստելու ամենատարբեր իրեր ու դետալներ:  


Խմբակավար Նունե Օրդյանը բացատրում է տպիչի աշխատանքը 
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Խմբակավար Նունե Օրդյանը շաբաթական երկու անգամ թողնում է Մանկավարժական համալսարանում դասախոսի իր աշխատանքն ու դպրոցականների հետ անցնում գործնական պարապմունքների:

«Խմբակների առաջնահերթությունը երեխաների մոտ պրպտող միտք զարգացնելն է: Ռոբոտները, տպիչները, համակարգչային խաղերի ստեղծումը դպրոցականներին օգնում են մասնագիտական կողմնորոշման հարցում, նոր մտքեր ու գաղափարներ ծնում: Հիմա երեխաների օգնությամբ փորձում ենք եռաչափ տպիչի օգնությամբ տպել հենց նույն դետալները, որով աշխատում է սարքը: Դրանցով երկրորդ տպիչն ենք պատրաստելու մեր խմբակի համար»,-պատմում է խմբակավար Նունե Օրդյանը:


Ռոբոտաշինության խմբակները Հայաստանում
Ինֆոգրաֆիկան՝ Մեդիամաքս

Այս տարվա դրությամբ խմբակներ կան Երեւանի ու մարզերի մի քանի տասնյակ դպրոցներում: Հաջորդ երեք տարիներին ցանցն ընդյանվելու է՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցները: Որակավորված խմբակավարների պակասը լրացնելու համար Մանկավարժական համալսարանում արդեն պատրաստում են համապատասխան մասնագետներ:   


Ռոբոտաշինության խմբակների ինտերակտիվ քարտեզը
Քարտեզը՝ ԻՏՁՄ    

Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Դիտում՝ 17486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW