Զեկույց. կրթությունն արտերկրում թանկ է եւ գնահատված

11.09.2014 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-Էս-Բի-Սի-ի նախաձեռնությամբ իրականացված  «Կրթության արժեքը. հենք հաջողության համար» զեկույցի համաձայն, բարձրագույն կրթությունը երբեւէ այսքան թանկ չի արժեցել եւ այսքան գնահատված չի եղել, որքան այսօր:

Զեկույցի համաձայն, աշխարհում ծնողների մոտ երեք չորրորդը (74%) մտածում է առավել որակյալ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով իրենց երեխաներին արտերկիր ուղարկելու մասին: Այդպիսի նպատակ ունեցող ծնողների 51%-ը ԱՄՆ-ը համարում է ամենաորակյալ կրթություն ապահովող երեք երկրներից մեկը:

Միջազգային ուսանողի համար ԱՄՆ-ում բակալավրի կրթություն ստանալու տարեկան արժեքը միջինում կազմում է ավելի քան $36 հազ.: Ավստրալիան, որտեղ ուսման տարեկան արժեքը կազմում է $42 հազ., կրթություն ստանալու առումով աշխարհի ամենաթանկ երկիրն է եւ ասիացի ուսանողների ամենանախընտրելի տարբերակը: Իրենց թանկ կրթությամբ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Սինգապուրը ($39 հազ.) եւ ԱՄՆ-ն ($36 հազ.):

Աշխարհի 15 երկրներում 4500 ծնողների շրջանում անցկացված հարցման համաձայն, վերջիններս գիտակցում են որակյալ կրթության արժեքը եւ կարեւորությունը, սակայն շատերը դեռեւս ֆինանսապես պատրաստ չեն նման ծախսերի: Մասնավորապես, ծնողների 89%-ը ցանկանում է համալսարանական կրթություն ապահովել իր երեխաների համար, սակայն հարցվածների ավելի քան կեսը (51%-ը) կարծում է, որ ցանկալի է ավելի վաղ սկսել գումարներ խնայել երեխաների կրթական ծախսերը հոգալու համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցի խոսքով, երեխաներին կրթություն ստանալու նպատակով արտերկիր ուղարկելու հիմնական նպատակներն են օտար լեզուներին տիրապետելը, միջազգային փորձ եւ  ինքնուրույնություն ձեռք բերելը:

«Միջազգային ուսուցումը հավելյալ բարդություններ է  առաջացնում՝ հատկապես ֆինանսական պլանավորման տեսանկյունից: Արտասահմանում ուսումը հիմնականում ֆինանսավորում են ծնողները՝ իրենց անձնական միջոցներով:  Սակայն եթե ԱՄՆ-ում կրթական ֆոնդերի գաղափարը բավական զարգացած է, այլ երկրներում այն հազվադեպ հանդիպող երևույթ է: Երեխաների ուսումն արտասահմանում ապահովելու գաղափարը կարող է դժվար ու վախեցնող թվալ, սակայն ճիշտ պլանավորումը եւ խելամիտ ու ժամանակին կատարված ներդրումները կարող են օգնել հաղթահարել ֆինանսական անորոշությունը»,- նշել է Թիես Քլեմենցը:

Դիտում՝ 4270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW