Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերին:Կառավարության ղեկավարը նախ եղել է Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին եւ ներդրումային ծրագրերին: Ընկերության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Ռումինիա, Լեհաստան: Ընկերության ղեկավարը վարչապետին ասել է, որ բանակցություններ են տարվում նաեւ Բուլղարիա արտահանելու համար: Ընթացիկ տարում նախատեսվում է արտահանել 2-2,5 մլն շիշ կոնյակ, իսկ նոր սարքավորումների տեղադրման նպատակով այս տարի ընկերությունը կներդնի 7 մլն դոլար, եւս 5 մլն՝ խաղողի մթերման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով: «Շահնազարյան» ընկերությունում ներկայում աշխատում է 80 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 240 հազար դրամ: Ակնկալվում է, որ նոր ներդրումների շնորհիվ կստեղծվի լրացուցիչ 30 նոր աշխատատեղ: Ընկերությունը նախատեսվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 10 հազար տոննա խաղող:Հովիկ Աբրահամյանի հաջորդ կանգառը բանջարեղենի արտադրությամբ զբաղվող «Բիո գրուպ» ընկերությունում է եղել, որը հագեցած է հոլանդական ժամանակակից սարքավորումներով: «Բիո գրուպ»-ը 1,8 հեկտար տարածության վրա մշակում է լոլիկ, որի շուրջ 2-3 տոկոսը կազմում է սեւ լոլիկի արտադրությունը: Նախատեսվում է սեւ լոլիկի ցանքատարածություններն ընդլայնել՝ հասցնելով 15-20 տոկոսի: Ընկերությունում աշխատում է 26 մարդ: Ներդրումային նոր ծրագրով «Բիո գրուպ»-ը նախատեսում է 2014 թվականի ընթացքում կառուցել 10,7 հազար ք.մ. մակերեսով ջերմոցային տնտեսություն՝ վարունգի եւ չորս տեսակի լոլիկի աճեցման համար: Այդ նպատակով կներդրվի 657,7 մլն դրամ, ինչի արդյունքում հնարավոր կլինի ընկերության արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 700 մլն դրամի, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան եւ ԱՄԷ: Ծրագրով կստեղծվի 22 նոր աշխատատեղ: Վարչապետն այցելել է նաեւ Ակունք համայնքում հիմնված «Բիգա» ընկերություն, որը 10 հա հողատարծքի վրա տնկել է ազնվամորու 16 հազար, մոշի 4 հազար տնկի եւ ելակի 350 հազար թուփ: Աճեցվող տեսակները հիմնական արտահանվում են Ռուսաստան եւ ԱՄԷ: Ազնվամորին, մոշը եւ ելակն աճեցվում են հողից 70-80 սմ բարձրության վրա՝ դարակների մեջ, ինչի շնորհիվ ընկերությունը խնայում է մեծ քանակությամբ ջուր, իսկ բերքը հեռու է մնում մոլախոտերից եւ միջատներից: Ընկերությունն իրականացնում է նաեւ օդափոխության համակարգով ջերմոցների գործարկման փորձնական նախագիծ: Աշխատանքներ են տարվում 6 հա հողատարածքում խաղողի այգի տնկելու ուղղությամբ: Ներդրումային ծրագիրը կազմել է 3,5 մլն դոլար: Ընկերությունը ներմուծել է նաեւ Հայաստանում դեռեւս գոյություն չունեցող կեռասենու սորտեր, որոնք պատրաստվում են տնկել գարնանը: Ձեռնարկությունն ունի ավելի քան 70 աշխատակից:Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվել է նաեւ Ակունքի հիմնանորոգված դպրոցը, որի ֆինանսավորումը եղել է կառավարության կողմից` 114 մլն դրամ: Վարչապետն այցելել է նաեւ Չարենցավանում գործող եւ ամրանների արտադրությամբ զբաղվող «Ասկե գրուպ» արդյունաբերական ձեռնարկություն: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել ձեռնարկության ձուլման եւ գլոցման արտադրամասերի գործարկումը: Ներկայումս արտադրվում են 10-32 տրամաչափերի ամրաններ, որոնց հումքը տեղական մետաղի ջարդոնն է, իսկ հրակայուն նյութերը ներկրվում են արտերկրից: Արտադրական ծավալներն ամբողջ հզորության հասցնելու դեպքում ձեռնարկությունը պատրաստ կլինի արտադրել 120 հազար տոննա ամրան: Ձեռնարկությունում աշխատում է ավելի քան 400 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ: Tweet Դիտում՝ 2512