ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր «Լույս» հիմնադրամի ուսանողներին եւ շրջանավարտներին ներկայացրել է Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշման շարժառիթները: Պատասխանելով «Լույս»-ի ուսանողներից մեկի հարցին, Վիգեն Սարգսյանն ասել է, որ Մաքսային միությունն առաջարկում է շուրջ 170 միլիոնանոց շուկա, ուր Հայաստանը կարող է հեշտությամբ մուտք գործել: «Մաքսատուրքի խոչընդոտների վերացումը կարող է իրապես մեծացնել Հայաստանի տնտեսության որոշ ճյուղերի մրցունակությունը: Անգամ միջազգային վարկանշային կազմակերպությունների տվյալներն են վկայում այն մասին, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համեմատությամբ, Հայաստանն ունի առավել բարենպաստ բիզնես միջավայր եւ հնարավորություններ ներդրողների համար: Մենք գտնում ենք, որ այն միջազգային ընկերությունները, որոնք ցանկանում են բացահայտել այդ հսկա շուկան (Մաքսային միության սպառողական շուկան–խմբ.), կարող են դիտարկել Հայաստանը որպես իրենց բիզնեսը սկսելու լավագույն վայր»,- ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:Վիգեն Սարգսյանի խոսքերով, ՄՄ անդամ պետությունների տնտեսությունը այն մակարդակի վրա չեն գտնվում, որպեսզի խթան հանդիսանան Հայաստանի տնտեսության համար շուկաների մրցակցության ապահովման տեսանկյունից: «Սա կարող է միտում ստեղծել իջեցնելու մեր տնտեսության զարգացման չափանիշների նշաձողը, բայց ամեն ինչ կախված է մեզանից: Եթե մենք բարձր նշաձող սահմանենք եւ շարունակենք աշխատել Եվրամիության հետ ոչ միայն քաղաքական եւ դատաիրավական բարեփոխումների, այլեւ տնտեսական մոդելների բարեփոխման ուղղությամբ, մենք կարող ենք մրցակցային լինել ոչ միայն Մաքսային միության, այլեւ եվրոպական շուկայի համար»,- ընդգծել է նա: Աշխարհի առաջատար համալսարաններում ուսանող հայ երիտասարդներին Վիգեն Սարգսյանը նաեւ ներկայացրել է ՄՄ-ին անդամակցելու որոշման այն նկատառումները, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանը: «Հայաստանի համար, որը գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, չափազանց կարեւոր էր ունենալ առավելություն մեր արդյունաբերության համար: Այստեղ կարեւոր դեր են խաղում տրանսպորտային ենթակառուցվածքները եւ էներգետիկ ռեսուրսները: Քանի որ մենք չկարողացանք կտրուկ փոխել իրավիճակը տրանսպորտային ենթակառուցվածքի տեսանկյունից, քանի որ Թուրքիայի հետ սահմանը շարունակում է փակ մնալ, շատ կարեւոր էր փոխհատուցել այդ բացը էժան էներգակիրների ներմուծմամբ, եւ մենք դա արեցինք՝ որոշելով միանալ ՄՄ-ին: Այժմ մենք գազ եւ նավթամթերք ենք ներմուծում ներռուսաստանյան գներով, առանց մաքսատուրքի: Բացի այդ, որոշումը սերտորեն կապված էր Հայաստանի՝ ՀԱՊԿ շրջանակներում ունեցած անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության եւ Թուրքիայի սահմանից եկող սպառնալիքները»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Tweet Դիտում՝ 7691