Թբիլիսիում կարծում են, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը խնդիրներ չի առաջացնի Վրաստանի եւ ԱՊՀ երկրների եւ, մասնավորապես, Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: «Այդ բոլոր երկրների հետ մենք ունենք ազատ առեւտրի երկկողմ պայմանագրեր: Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի ու Բելառուսի հետ: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մասնակցել միջկառավարական եւ այլ ձեւաչափերով անցկացվելիք հանդիպումներին: Կարծում եմ, բոլոր հարցերը հնարավոր է լուծել բանակցությունների եւ խորհրդակցությունների շրջանակներում: Հատուկ խնդիր չեմ տեսնում: Կարեւոր է, որ հարցը չի քաղաքականացվում, այլ գործնական հունով է ընթանում: Հուսով եմ, այն նմանատիպ շարունակություն կունենա, եւ ապագայում մեզ ոչ միայն կհաջողվի պահպանել հարաբերությունների ներկա մակարդակը, այլեւ զարգացնել դրանք», - ասել է պետնախարարը: Tweet Դիտում՝ 4746