Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն Աշխարհի 20-րդ առաջնությունից իր հետ որպես հաղթական ավար տուն է տարել ոչ միայն աշխարհի գավաթը, այլեւ $35 մլն:Ինչպես գրում է РБК Daily-ն, սա ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ չեմպիոններին տրվող ամենախոշոր գումարն է, քանի որ, օրինակ, 2010 թ-ին աշխարհի չեմպիոն հռչակված Իսպանիայի ազգային հավաքականը վաստակել էր $5 մլն-ով պակաս ($30 մլն): Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականը ստացել է $25 մլն, երրորդ տեղը զբաղեցրած Նիդեռլանդները՝ $22 մլն, իսկ 4-րդ տեղը զբաղեցրած տանտերերը` $20 մլն: Քառորդ եզրափակչում պարտված չորս թիմերին հատկացվել է $14-ական մլն, 1/16 եզրափակչում պարտված 8 թիմերին՝ $9-ական մլն, իսկ խմբային փուլը չհաղթահարած 16 թիմերից յուրաքանչյուրին` $8 մլն: Բացի այս գումարը, 20-րդ առաջնությանը մասնակցած թիմերից յուրաքանչյուրը մարզումների, ճանապարհային եւ մնացած ծախսերը հոգալու համար ստացել է $1.5 մլն: Նշենք, որ գումարները փոխանցվում են մասնակից երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին, եւ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում` ինչպես դրանք տնօրինել: Ի դեպ, 17 կարատանոց ոսկեձույլ գավաթն իրականում Գերմանիա չի գնա: FIFA-ն, ավանդույթի համաձայն, գավաթը պահում է իր մոտ, իսկ չեմպիոնը ստանում է դրա ավելի էժան տարբերակը` պատրաստված բրոնզից եւ ոսկեձուլված: Հավելենք, որ FIFA-ի ընդհանուր շահույթն աշխարհի վերջին առաջնությունից կազմում է մոտ $4.5 մլրդ, որը սովորաբար գոյանում է խաղերի հեռարձակման իրավունքի տրամադրման, մունդիալի հյուրերի տեղաբաշխման եւ ծառայությունների մատուցման իրավունքների վաճառքից, տարբեր պրոդուկտների լիցենզավորումից, ինչպես նաեւ հովանավորների հատկացումներից: Tweet Դիտում՝ 2017