ԴԱԿՀ արգելանքի մասին նոր նախագիծը կհանգեցնի բանկերի ծրագրային ապահովման փոփոխության

14.07.2014 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օրերս ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում պարզաբանել է, որ գործող` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն, պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար` ներառյալ կատարման ծախսերը:

«Սակայն, այս նորմը առավել առարկայական վերաբերում է դատական ակտերի հարկադիր կատարումը ապահովող ծառայությանը եւ հստակ կարգավորում չի սահմանում այլ մարմինների համար, ինչի հետևանքով գործնականում  ունեցել ենք որոշակի խնդիրներ, երբ քաղաքացիների ողջ գումարն է արգելափակվել»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը եւ նշել, որ նոր նախագծով հստակ կանոնակարգում է մտցվում դատական ակտերի հարկադիր կատարման մասին ծառայությունից հետո այն մարմինների համար, ովքեր որեւէ կերպ առնչություն ունեն ակտի հարկադիր կատարման հետ:

«Այս դեպքում խնդիրը վերաբերում է բանկերին: Նրանց համար հստակեցվում է պարտականությունը, որ պարտավորության առարկայից բացի մեկ դրամից ավելի գումարի վրա իրավունք չունեն արգելանք դնել»,- ասել է նա:

Արփինե Հովհաննիսյանը նկատել է, որ, թեեւ հարկադիր կատարողի որոշման մեջ նշվում է գումարի հստակ չափը, խնդիրն առաջանում է բանկերի ծրագրային ապահովման հետ. «Անկասկած, նախագիծը կհանգեցնի բանկերի ծրագրային ապահովման փոփոխության, ինչի ուղղությամբ, կարծում եմ, բանկերն արդեն իսկ աշխատում են»:

Անդրադառնալով ԴԱՀԿ իրավաբանական ծառայության մեկնաբանությանը, որ «ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով»` Արփինե Հովհաննիսյանն ասել է հետեւյալը.

«ՀՀ Սահմանադրության մեջ հստակ նշվում է, որ քաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ ցանկացած բնույթի սահմանափակում այն հարաբերությունների թվին է դասվում, որոնք պետք է կարգավորվեն օրենքներով եւ ոչ թե ենթաօրենսդրական ակտերով, ինչպիսին ԿԲ Խորհրդի որոշումն է: Նախատեսում ենք ուսումնասիրել ԿԲ որոշումը` վերհանելու այն նորմերն ու դրույթները, որոնք ենթաօրենսդրական մակարդակից պետք է բարձրանան օրենքի մակարդակի:

Բացի այդ, Կենտրոնական բանկի Խորհրդի  հիշատակված որոշումը գործում է 2006 թվականից, ինչը, փաստորեն, խոչընդոտ չի դարձել այդ որոշման սխալ կիրառման համար»,- ասել է նա:

Պատգամավորը նշել է, որ նախագիծը ներկայացված է ԱԺ կայքում, արդեն ստացել են բազմաթիվ առաջարկություններ եւ դիտողություններ, որոնց ուսումնասիրության և քննարկման արդյունքում պարզ կլինի նախագծի վերջնական տարբերակը:

«Նախագծի վերջնական ամփոփումը կլինի սեպտեմբեր ամսին, երբ կլինի հանձնաժողովային քննարկում»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 4739
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW