ՀՀ ԱԺ-ում այսօր շրջանառության մեջ է դրվել պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:Ինչպես հայտնել է օրինագծի համահեղինակ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, նախագծով նախատեսվում է, որ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը»:«Սա նշանակում է, որ եթե որեւէ քաղաքացի ունի, օրինակ, 10.000 դրամի պարտավորություն, ապա բանկը կարող է նրա հաշվին արգելանք դնել միայն այդ չափով եւ ոչ մի դրամ ավելի: Հաշվի վրա եղած գումարների ամբողջական սառեցում չի թույլատրվում: Հակառակ դեպքում բանկը պարտավոր կլինի հատուցել քաղաքացուն պատճառած վնասը և բաց թողնված օգուտը»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը: Tweet Դիտում՝ 5474