ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հավանության է արժանացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախագիծը, համաձայն որի օգոստոսի 1-ից 1 կիլովատ էլեկտրաէներգիայի դիմաց սակագինը կկազմի 41.85 դրամ` գործող 38 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը՝ 31.85 դրամ 28-ի փոխարեն:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսպիսով հանձնաժողովը մերժեց ՀՀ ԱԺ հինգ` ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ ՀԱԿ խմբակցությունների, ինչպես նաեւ Հանրային խորհրդի եւ ՀԿ-ների առաջարկը` հետաձգել հարցի քննարկումը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքերով, ՀԾԿՀ-ն արդեն մանրամասն ուսումնասիրել է էլեկտրաէներգիայի համակարգում ստեղծված իրավիճակը եւ եկել այն եզրահանգման, որ սակագնի բարձրացումը անհրաժեշտ է` համակարգի կայուն աշխատանքն ապահովելու համար: «Եթե հնարավոր լինի գտնել պահուստային աղբյուրներ, որոնք թույլ կտան չփոխել սակագինը, ապա պատրաստ ենք մինչեւ այս որոշման ուժի մեջ մտնելը` օգոստոսի 1-ը, այդ տարբերակները քննարկել»,- ասել է Ռոբերտ Նազարյանը: Նիստին զուգահեռ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությունը հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել` պահանջելով կասեցնել որոշման ընդունումը: Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հունիսի 4-ին հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի եւ պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումներն ու պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: «Ուստի, ՀԾԿՀ-ն, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»,- ասված էր հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 9694