OECD-ը կաջակցի հայաստանյան ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը
19.06.2014 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

Հայաստանն ընդգրկված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արեւելյան գործընկեր երկրներում» ծրագրում, այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Տեղեկանք. OECD-ն տնտեսական ոլորտում աշխարհում ամենամեծ փորձառություն ունեցող կազմակերպություններից է, որի կենտրոնակայանը տեղակայված է Փարիզում: Հիմնական գործունեությունն առնչվում է տնտեսական զարգացման հարցերում համաշխարհային փորձառության փոխանակմանը, ինչպես նաեւ բոլոր այն խնդիրների քննարկմանը, որոնք ուղղված են տնտեսական ոլորտում առաջընթացի ապահովմանը: OECD-ի անդամ են աշխարհի զարգացած մի քանի տասնյակ երկրներ: Սա խոշորագույն հարթակներից մեկն է, որտեղ համաշխարհային մակարդակով հնարավոր է քննարկել եւ առաջարկել տնտեսական զարգացման լուծումներ եւ մոդելներ:
Խոսելով Հայաստանի եւ OECD-ի հետ համագործակցության մասին՝ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ, ըստ նոր ծրագրի ձեւաչափի, ընտրվում են երկու կարեւոր ուղղություններ եւ կատարվում են ուսումնասիրություններ ոլորտում առկա խնդիրները եւ զարգացման ներուժը պարզելու նպատակով:
Իր հերթին, OECD-ի Եվրասիա մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոման պարզաբանել է, որ ծրագրի իրականացման համար OECD-ի կողմից գործում է որոշակի մշակված ձեւաչափ: Մասնավորապես, ոլորտային բարեփոխումների ուսումնասիրությունների համար ձեւավորվել է աշխատանքային խումբ` հետեւյալ ուղղություններով.
- «Անդրազգային ընկերությունների ներգրավում եւ Հայաստանի ՓՄՁ-ների վրա դրանց առավելագույն ազդեցության ապահովում» (ուղղվածությունը` շինարարություն),
- «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ-ների միջազգայնացմանը» (ուղղվածությունը` ագրոբիզնես):
Ըստ Անտոնիո Սոմայի, այս երկու ոլորտներում ուսումնասիրության արդյունքում ձեւավորված ծրագրերը պետք է հետագա փուլերում տարածվեն նաեւ այլ ոլորտների վրա՝ ծածկելով տնտեսության հնարավորինս մեծ տիրույթ:
«Ագրոբիզնեսի ոլորտում մեր հիմնական թիրախը փոքր եւ միջին բիզնեսն է: Ոլորտային սահմանափակում չկա, բայց շահառուն պետք է լինի փոքր բիզնեսի սեփականատեր: Գաղտնիք չէ, որ փոքր բիզնեսի շահառուները խնդիրներ են ունենում արտաքին առեւտուր իրականացնելիս եւ նոր շուկաներ մտնելիս: Մենք օգնում ենք ոլորտի փոքր ընկերություններին իրականացնել արտահանում, ինչպես նաեւ գտնել արտաքին գործընկերներ: Ծրագրի շրջանակում նպատակ չունենք աջակցել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին»,- նշել է Գարեգին Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է հաջորդ ուղղությանը, ապա այս մասով OECD-ն առաջարկել է կատարելագործել շինություններում էներգաարդյունավետության պահանջների կիրառման տեխնիկական կանոնակարգերը, օպտիմալացնել շինարարական թույլտվությունների ձեռքբերման ընթացակարգերը, ինչպես նաեւ ստեղծել օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՓՄՁ կապերի համակարգ:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, իսկ ներկա փուլում դրան արդեն ակտիվորեն մասնակցում է Գերմանայի Միջազգային Համագործակցության ընկերությունը (GIZ): OECD-ն մասնակցելու է նաեւ ծրագրի արդյունքներով նախանշված բարեփոխումների իրականացման գործընթացին: Աշխատանքներում ներառված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ:
Ծրագրին մասնակցելու մասին որոշումը կայացվել է 2013թ. դեկտեմբերին Փարիզում կայացած նիստի ժամանակ: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող հանձնաժողով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: