Հունիսի 17-19-ը Երեւանում անց է կացվում Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) տարեկան հանդիպումը, որին մասնակցում են շուրջ 200 փորձագետներ Հարավարեւելյան Եվրոպայի եւ Եվրոպայի արեւելյան հարեւանության տարածաշրջանից: Հանդիպման կարգախոսն է «16 երկիր... եւ ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները...»:16 մասնակից երկրների փորձագետներն ու ֆինանսական ոլորտի մասնագետները քննարկելու են վերջին տնտեսական զարգացումները, հատկապես միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման, ռիսկերի կառավարման եւ գյուղատնտեսության վարկավորման ոլորտներում: «Հայաստանի ակտիվ համագործակցությունը EFSE-ի հետ սկսվել է դեռեւս 2010 թ-ին: Դրա համար կարեւոր նախապայման հանդիսացավ այն հանգամանքը, որ ֆոնդի նախաձեռնողն ու հիմնադիրը KFW բանկն էր, որի հետ համագործակցության ընթացքում մենք որեւիցե ձախողում չենք ունեցել` մինչ օրս զգալով համագործակցության դրական արդյունքները: Բայց այսօր ես հպարտ կարող եմ նշել, որ EFSE-ին ինքնուրույն ապացուցեց, որ կարող է համալրվել ամենահաջողված ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների շարքում` ի հաշիվ իր նոր մոտեցումների, եւ հիմքում ունենալով իր հիմնադրի հաջողության գաղտնիքը»,- բացման խոսքում նշել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իր խոսքում կարեւորել է ՓՄՁ սուբյեկտների համար նպաստավոր պայմաններով, այն է, հնարավորինս ցածր տոկոսադրույքով եւ երկարաժամկետ մատչելի վարկերի տրամադրումը, ինչը, նրա խոսքով, զուգահեռաբար կլուծի գրավի առարկայի ու վարկային երաշխիքների ապահովման հետ կապված խնդիրները: «Այս առումով EFSE-ի` հատկապես դրամային ֆինանսավորման գործիքների կիրառությունը մեծապես կարող է աջակցել ՓՄՁ-ներին: Ներկայումս մեր երկրում քննարկումների փուլում է գտնվում հարկային բարեփոխումների մի նոր փաթեթ, որը կհամալրի ՓՄՁ գործունեությանը խթանող առկա արտոնությունները: Հարկային բարեփոխումների այս նոր փաթեթով նախատեսվում է կարգավորել մի շարք հարցեր, որոնք էականորեն կթեթեւացնեն ՓՄՁ-ների հարկային բեռը, ինչը կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատմանը: Նշված բարեփոխումները ՓՄՁ-ների համար կապահովեն առավել բարենպաստ հարկման դաշտ, միաժամանակ հարկային վարչարարության լծակներն ուղղելով դեպի խոշոր տնտեսվարող սուբյեկտները: Սա հնարավորություն կտա բացահայտել գործարար միջավայրում առկա հարկային հիմնախնդիրները եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով ապահովել պետական բյուջեի եկամտային մասի աճ»,- ասել է նա: Նշենք, որ Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (EFSE) հիմնվել է KfW-ի (Գերմանիայի զարգացման բանկ) նախաձեռնությամբ եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ: Հիմնադրամի գործունեությունը միտված է հարավարեւելյան Եվրոպայի երկրներում տնտեսության եւ ընդհանուր բարեկեցության զարգացման օժանդակությանը: Հիմնադրամը երկարաժամկետ սուբսիդավորում է տրամադրում տեղի ֆինանսական հաստատություններին` միկրո եւ փոքր ձեռնարկությունների, ինչպես նաեւ ցածր եկամուտներով մասնավոր տնային տնտեսությունների վարկավորման համար: Tweet Դիտում՝ 2386