ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը դարձել է նոր ուսումնական ծրագրի բացառիկ գործընկեր

29.05.2014 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բանկերի միությունը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ու «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամն այսօր հայտարարել են նոր ուսումնական ծրագրի մասին` ստորագրելով եռակողմ համագործակցության հուշագիրը:

Համալսարանի «Ֆինանսներ» մասնագիտության «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտացմամբ բակալավրիատի ծրագրի ներդրման բացառիկ գործընկերն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն է:

Ծրագիրը Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի համանուն մասնագիտացմամբ բակալավրիատի տեղայնացումն է, որի շրջանավարտներին կշնորհվի հայկական բակալավրիատի եւ ֆրանսիական լիսանսի պետական դիպլոմներ: Շրջանավարտները կարող են աշխատել որպես ֆինանսական մենեջեր, ֆինանսական եւ ապահովագրական գործակալ, խորհրդատու, վարկային մենեջեր, բանկային եւ ապահովագրության գծով պրոդուկտների վաճառքի գծով մենեջեր եւ այլն:

«Ֆրանսիական բանկային համակարգը համարվում է աշխարհում ամենազարգացածներից մեկը: Այս ծրագրի ներդրմամբ կարեւորում ենք տրամադրվելիք կրթության որակը, ինչի նպատակով մենք եւս պատրաստ ենք կազմակերպել պրակտիկաներ ու վարպետության դասեր` հրավիրելով բանկային ոլորտի լավագույն  մասնագետներին»,- ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

«Օր-օրի զարգացող բանկային ոլորտին անհրաժեշտ են մասնագետներ: Այս ծրագրով կօգնենք Հայաստանի բանկային համակարգին մասնագետների պահանջարկի բավարարման հարցում: Ցավում եմ, որ ծրագրի կյանքի կոչմանն ականատես չի լինի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի նախկին տնօրեն Ստեփան Գիշյանը, ով կանգնած է եղել ծրագրի ակունքներում»,- ասել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան:

«Ֆրանսիական համալսարանի շուրջ 20 շրջանավարտ այսօր աշխատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում: Նոր ուսումնական ծրագիրը թույլ կտա ավելի շատ մասնագետներ ներգրավել մեր բանկ: Կարծում եմ, բոլոր բանկերն էլ ունեն լավ մասնագետների կարիք»,-ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը եւ նկատել, որ Ֆրանսիական համալսարանի հետ Ստեփան Գիշյանի սկսած համագործակցությունը դեռ երկար կշարունակվի:

Ուսումնական ծրագրի տեւողությունը 4 տարի է, ավարտին սպասվում է նաեւ արտադրական պրակտիկա, որի արդյունքում ուսանողներն աշխատանքի կտեղավորվեն: Հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Վերոնշյալ մասնագիտացման գծով համալսարանն այս տարի 60 տեղ է հատկացրել:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը եւ Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Դիտում՝ 4495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW