Երեւան, 8 հունիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր Երեւանում հայտնել է, որ սեպտեմբերի 18-20 կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու հանրապետության գյուղական շրջանների համապարփակ զարգացման ծրագրին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վարդան Օսկանյանն ասել է, որ ծրագիրն ուղղված կլինի ենթակառույցների բարելավմանը եւ գյուղերում կայուն զարգացման պայմանների ապահովմանը: ԱԳ նախարարը հիշեցրել է, որ առաջիկա տարիներին միջազգային եւ արտասահմանյան կազմակերպությունները Հայաստանի գյուղական շրջաններում կիրականացնեն մի շարք լայնածավալ ծրագրեր: Վարդան Օսկանյանն առանձնացրեց գյուղական ճանապապարհների կառուցման եւ ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրերը, որոնց իրականացման համար ամերիկյան “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիան կհատկացնի ավելի քան $ 200 միլիոն: “Մենք ուզում ենք ապահովել մեր գյուղական շրջանների ամբողջական զարգացումը, որ այնպես չստացվի, որ գյուղն ունենա հոյակապ ճանապարհներ եւ ոռոգման համակարգ, սակայն զրկված լինի նորմալ դպրոցից եւ բուժկետից”,- ասել է Վարդան Օսկանյանը: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքների եւ գյուղերի անհամաչափ զարգացումը երեւում է անզեն աչքով, եւ վստահություն հայտնեց, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հետաքրքրված կլինեն ծրագրի իրականացմամբ: Վարդան Օսկանյանն ասել է, որ հիմնական շեշտը նախատեսվում է դնել սահմանամերձ գյուղերի վրա, որոնք Հայաստանում մոտ 150-ն են: Նախարարն ասել է, որ աշխատանքային խմբերն այցելում են այդ բոլոր գյուղերը եւ մանրամասն տեղեկություններ հավաքում յուրաքանչյուրի վերաբերյալ: Վարդան Օսկանյանի խոսքերով, այս փաստաթղթերը կներկայացվեն Հայաստան-Սփյուռք երրորդ ֆորումի մասնակիցներին: Նա կարծում է, որ ծրագրի փորձնական փուլին կարելի է ներգրավվել մինչեւ 25 գյուղ: Tweet Դիտում՝ 7814