ԱԿԲԱ -ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկային պորտֆելը տարեսկզբից աճել է 13 մլրդ դրամով

08.05.2014 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկային պորտֆելը տարեսկզբից աճել է 13 մլրդ դրամով` 163 մլրդ դրամից հասնելով 176 մլրդ դրամի:

Այս մասին այսօր հայտնել է ԱԿԲԱ -ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը` ներկայացնելով բանկի զարգացման հեռանկարները:

«Ծրագրվածի համաձայն, մենք կշարունակենք ունիվերսալ բանկի գործունեությունը: Ռազմավարական հարցերում որեւէ փոփոխություն չի եղել, շարունակելու ենք հստակ իրականացնել այն քաղաքականությունը, որը եղել է մինչ օրս եւ ծրագրված է դեռեւս նախորդ տարի` Ստեփան Գիշյանի հետ միասին»,- ասել է Հակոբ Անդրեասյանը: Նրա փոխանցմամբ, բանկը կշարունակի նոր` թափանցիկ մասնաճյուղերի բացումը` ընդլայնելով տեղաբաշխման աշխարհագրությունը:

Խոսելով վարկային պորտֆելի ցուցանիշների մասին` նա նշել է, որ գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում տարեսկզբի համեմատ 3% աճ է գրանցել` 31%-ից  հասնելով 34%-ի: Հակոբ Անդրեասյանի փոխանցմամբ,  գյուղատնտեսական վարկերի գրեթե կեսից ավելին դրամով է արտահայտված, այդ բնագավառում նվազել է միջին տոկոսադրույքը, նվազման միտում կա նաեւ այլ վարկերի պարագայում:

Առաջիկայում բանկը նախատեսում է առավել ակտիվ գործունեություն ծավալել գյուղատնտեսական վարկերի տրամադրման բնագավառում, ուշադրության կենտրոնում կլինի նաեւ սպառողական, հիփոթեքային, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը: Փաթեթային պրոդուկտներ կառաջարկվեն առկա եւ նոր հաճախորդների համար:

«Հիմնական շեշտը դրվելու է երիտասարներին առաջարկվող եւ առաջարկվելիք բանկային պրոդուկտների վրա: Բավականին հեշտացվելու է վարկավորման գործընթացը: Գյուղատնտեսական վարկերի պարագայում հնարավորինս կրճատվելու է վարկի դիմումի պատասխանի ստացման ժամկետը, ներդրվելու է նոր համակարգ, որի դեպքում հնարավոր է պատասխանը տրվի հենց դիմումը ներկայացվելու պահին»,- ասել է բանկի ղեկավարը` նշելով, որ նման մեխանիզմեր ծրագրվում է կիրառել նաեւ այլ վարկերի տրամադրման գործընթացներում:

Տարեսկզբի համեմատ բանկի ակտիվները 264 մլրդ դրամից նվազել են մինչեւ 261 մլրդ դրամ, կապիտալը շարունակել է մնալ 50 մլրդ դրամ, պարտավորությունները 213 մլրդ դրամից հասել են 210 մլրդ դրամի. բանկը վերադարձրել է միջազգային տարբեր կազմակերպություններից վերցրած վարկերը՝ փոխարենը փորձելով համապատասխան միջոցներ գտնել ներքին շուկայում:

«Արդյունքում աճել է ավանդային պորտֆելը` 86 մլրդ դրամից դառնալով 88 մլրդ դրամ»,- ասել է Անդրեասյանը: Ընթացիկ տարում բանկի աշխատակիցները համալրվել են եւս 20-ով, հաճախորդների թիվը չի կրճատվել` մնալով 250 հազարի սահմաններում:

Հակոբ Անդրեասյանը ներկայացված ցուցանիշները կայուն է գնահատում` նշելով, որ մինչ տարեվերջ աճ է նախատեսվում:

Նշենք, որ ապրիլի 23-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի բաժնետերերի կողմից միաձայն որոշում է կայացվել Հակոբ Անդրեասյանին բանկի գլխավոր գործադիր տնօրեն նշանակելու մասին: Նա կանգնած է եղել բանկի հիմնադրման ակունքներում` զբաղեցնելով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի եւ վարկային տնօրենի պաշտոնները:

Դիտում՝ 3239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW