«Կովկասյան բարոմետր-2013 »-ի հայաստանյան արդյունքները

25.04.2014 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2004 թվականից ի վեր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (ՀՌԿԿ-Հայաստան) իրականացնում է «Կովկասյան բարոմետր» հետազոտությունը, որի նպատակն է տնային տնտեսությունների հարցումների միջոցով բացահայտել հանրային կարծիքը քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական զարգացումների վերաբերյալ:

Banks.am-ը ներկայացնում է «Կովկասյան բարոմետր - 2013» հետազոտության առավել ուշագրավ արդյունքները:

Հետազոտության արդյունքներով, չորրորդ տարին անընդմեջ գործազրկությունը եւ աղքատությունը մատնանշվել են որպես հանրությանը առավել հուզող խնդիրներ (45% եւ 16% համապատասխանաբար): Հարցումները փաստում են, որ աշխատանք գտնելու հարցում մեզանում դեռեւս կարեւոր է ծանոթների եւ բարեկամների գործոնը:

Մասնավորապես` հարցվածների 28%-ի կարծիքով աշխատանք գտնելու կարեւորագույն գործոնը կապերն են եւ միայն 19%-ն է նշել կրթությունը (բոլոր թվերը  հաշվարկված են առանց «չգիտեմ» եւ «հրաժարվում եմ պատասխանել» տվյալների):

Հարցվածների 34%-ի կարծիքով,  ՀՀ ներքին քաղաքականությունը չի փոխվում, իսկ 56%-ի կարծիքով այն գնում է հիմնականում կամ ամբողջությամբ սխալ ուղղությամբ:

Անհանգստության առիթ է տալիս նաեւ այն հանգամանքը, որ հարցվածների 32%-ը պատրաստ է հնարավորության  դեպքում  մեկնել Հայաստանից այլ վայրում մշտապես բնակվելու, իսկ 61%-ը` ժամանակավորապես բնակվելու:

«Կովկասյան բարոմետր» հետազոտության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չափում է երկրի սոցիալական կապիտալը (վստահությունը տարբեր մարմինների նկատմամբ), ինչը կարեւոր է քաղաքական եւ տնտեսական զարգացման տեսանկյունից:

Պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը մեզանում շատ ցածր մակարդակի վրա է եւ տարեցտարի նվազում է: Համաձայն հետազոտության` Ազգային ժողովին վստահում է հանրության միայն 11%-ը` նախորդ տարվա 16%-ի փոխարեն, գործադիր իշխանությանը` 14 %-ը` 20 %-ի փոխարեն եւ կրթական համակարգին` 26%-ը` 43%-ի փոխարեն:

Ի հակադրություն սրա`բանկային համակարգի նկատմամբ վստահությունը գրանցել է աճ` կազմելով 46%` նախորդ տարվա 44%-ի փոխարեն:

Հետազոտության արդյունքները փաստում են, որ ՀՀ-ում խնայողությունների մակարդակը բավական ցածր է. հարցվածների միայն 12%-ն է նշել, որ ունի խնայողություններ, մինչդեռ 51%-ը` պարտքեր:

2013 թ-ի հարցաշարը պարունակել է նաեւ տարածաշրջանային հակամարտությունների, մարդու իրավունքների ու դատական համակարգի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի եւ սոցիալական օժանդակության ծրագրերի մասին նոր հարցեր:

Ըստ հետազոտության, Ֆեյսբուք սոցիալական ցանցը, լայն տարածում գտնելով, դեռեւս չի դարձել հաղորդակցության առօրեական միջոց. Հայաստանում յուրաքանչյուր յոթերորդն է միայն շաբաթը առնվազն մեկ անգամ օգտվում Ֆեյսբուքից:

Շուշան Մարգարյան` հատուկ Banks.am-ի համար:

Դիտում՝ 4407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW