Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկը (ՍԱԶԲ) $10 մլն 145 հազարի կորպորատիվ վարկ է տրամադրել «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՍԱԶԲ-ում, 7 տարի ժամկետով վարկը կուղղվի ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը, որը ներառում է սուպերմարկետների ցանցի ընդլայնում, 4 վաճառակետերում արդեն իսկ գործող հացի եւ խմորեղենի արտադրության համար նախատեսված խոհանոցային սարքավորումների արդիականացում, ինչպես նաեւ օնլայն սուպերմատկետի գործարկում: «Ուրախ ենք աջակցել ՍԱՍ Գրուպ-ին, որը սպառողին է տրամադրում բարձրորակ ապրանքներ եւ ծառայություններ: ՍԱՍ Գրուպ-ի ներդրումները օգտակար կլինեն Հայաստանի տնտեսության համար: Դրանք կնպաստեն երկրի գյուղատնտեսական հատվածի համար կայուն շուկայական իրացմանը, ինչպես նաեւ կստեղծեն նոր աշխատատեղեր առեւտրի ոլորտում»,- ասել է Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը: «2008-ից մինչ օրս ՍԱՍ Գրուպը ֆինանսական աջակցություն է ստանում ՍԱԶԲ-ից: Մենք բարձր ենք գնահատում բանկի պրոֆեսիոնալիզմը եւ հանձնառությունն օժանդակելու մեր բիզնեսի զարգացման նախաձեռնություններին: Արդյունավետ համագործակցության արդյունքում կարողացել ենք իրականացնել մեր զարգացման ռազմավարական նախագծերը, ինչպես նաեւ ընդլայնել բիզնեսը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ եւ մրցունակ»,- նշել է ՍԱՍ Գրուպի նախագահ Արամ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 10989