Էկոնոմիկայի նախարարության կողմից օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են, օրինակ, բիզնես սկսելու եւ անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները:Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի այսօր հրապարակված զեկույցում, որտեղ նշվում է նաեւ, որ վերոնշյալ կառույցը «չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես, օրինակ, ձեւական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում եւ այլն»: Օմբուդսմենի զեկույցի համաձայն, էկոնոմիկայի նախարարությունը չի իրականացրել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ, ինչը հանգեցնում է նրանց աստիճանաբար վերացմանը (օրինակ՝ ժամագործություն, թեթեւ արդյունաբերություն, ոսկեգործություն եւ այլն): «Դեռեւս չի ստեղծվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող եւ ոլորտի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող միասնական պետական մարմին, ինչի արդյունքում բավարար պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքներն ու շահերը: Առկա թերի օրենքները, անհամաչափ բարձր հարկերը խոչընդոտում են փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը»,- ասված է զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ դրական զարգացումներ են դիտվում նախարարության կողմից մշակված «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 եւ 2014 թվականների ծրագրերը, զբոսաշրջության զարգացման բնագավառում իրականացված միջոցառումները, սպառողների լայն շրջանակի իրազեկվածության ապահովման նպատակով Երեւանում եւ մարզերում կազմակերպված հանդիպում-սեմինարները: Tweet Դիտում՝ 1559