Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը շարունակում է ցածր մնալ, ինչի մասին վկայում են 2013-ին հանձնաժողովին ներկայացրած ընդամենը 68 բողոքները:Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի այսօր հրապարակված զեկույցում, որում կառույցի գործունեության վերաբերյալ նշվում է նաեւ հետեւյալը.«Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետեւանքով միեւնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում, Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձեւավորմանը», - ասված է փաստաթղթում: Զեկույցում նշվում է, որ «առկա են եղել դեպքեր, երբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարների նկատմամբ, սակայն որեւէ խախտում չի հայտնաբերել: Օրինակ՝ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում իրացված շաքարավազի 99,8%-ը բաժին է հասել «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն, ըստ Հանձնաժողովի, դա գերիշխող դիրքի չարաշահում չի հանդիսացել:«Չնայած հնչել են բազմաթիվ հրապարակային բողոքներ ձկնաբուծության եւ ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ, այդուհանդերձ, Հանձնաժողովն այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել: Իրական եւ լիարժեք տնտեսական մրցակցության բացակայության մթնոլորտում Հանձնաժողովի կողմից հայտնաբերվել է ընդամենը մեկ դեպք, երբ խոչընդոտվել է նոր գործարարների շուկա մուտք գործելը»,- ասված է զեկույցում:Որպես ՏՄՊՊՀ գործունեության դրական զարգացումներ` զեկույցում առանձնացված են 2013 թ-ի ընթացքում ՀՀ մրցակցային օրենսդրության ենթադրյալ խախտումների կապակցությամբ Հանձնաժողովի կողմից հարուցված 165 վարչական վարույթն ու դրա արդյունքում ընդունված շուրջ 200 վարչական ակտը, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Սնանկության եւ Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, տեղական մրցակցության ուժգնության եւ հակամենաշնորհային քաղաքականության բարելավման ցուցանիշները: Tweet Դիտում՝ 1364