ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի համար $127.6 մլն-ի ֆինանսավորման ծրագիրը

11.03.2014 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է շուրջ $127.6 մլն գումարով 38-ամսյա «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը» (EFF) Հայաստանի համար` իշխանությունների տնտեսական ծրագիրը սատարելու նպատակով:

Հաստատումը տալիս է շուրջ $18.2 մլն տրամադրելու հնարավորություն, իսկ մնացած գումարն ըստ փուլերի կտրամադրվի ծրագրի ընթացքում` ելնելով կիսամյակային ուսումնասիրություններից:

Ծրագրի նպատակն է սատարել տնտեսական աշխուժության վերականգնումը, աղքատության նվազեցման ուղղությամբ հետագա առաջընթացը, գնաճի կայունացումը, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ արտաքին մնացած խոցելիությունների մեղմումը:

Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկն ասել է.

«2010-2013 թթ. երկարաձգվող ֆինանսավորման եւ երկարաձգվող վարկավորման ծրագրերի շրջանակում Հայաստանը կայուն կատարողական է դրսեւորել: Սակայն պահպանվում են աճի եւ գնաճի տատանողականությունը, արտաքին ընթացիկ հաշվի մեծ պակասուրդը եւ դեռեւս բարձր են աղքատության եւ գործազրկության ցուցանիշները: Հիմնադրամի հետ նոր 38-ամսյա ծրագրի նպատակն է իշխանություններին օժանդակել նշված մարտահրավերներին դիմագրավելու եւ Հայաստանի համար միջազգային ֆինանսական շուկաների հասանելիությունը պահպանելու հարցում»:

«Իշխանությունների ծրագրի ներքո դրամավարկային քաղաքականությունը շարունակելու է ձեւավորվել գնաճի նպատակադրման շրջանակում` ճկուն փոխարժեքի ռեժիմի համատեքստում: Ֆինանսական ոլորտում քաղաքականությունը միտված կլինի ցնցնումներին դիմակայելու ունակության խթանմանը եւ ֆինանսական համակարգի խորացման աստիճանի բարձրացմանը: Աճը խթանող կառուցվածքային բարեփոխումները եւս առանցքային դեր կկատարեն նոր ծրագրում` հաշվի առնելով Հայաստանը դինամիկ զարգացող շուկայի վերափոխելու նպատակը: Այս համատեքստում Եվրասիական մաքսային միությանը սահուն միացումը եւ  դրան զուգահեռ Եվրամիության հետ առեւտրի աճը եւ մյուս կապերի զարգացումը, կարեւոր կլինեն շուկաների, ապրանքների, ֆինանսական հոսքերի եւ ներդրողների դիվերսիֆիկացում ապահովելու տեսանկյունից: Նոր ծրագրի ռիսկերն ըստ ամենայնի կառավարելի են, եւ պահպանվում է Հայաստանի` վարկը վերադարձնելու ամուր կարողությունը: Իշխանությունները մակրոտնտեսական կայուն քաղաքականության ուղղությամբ երկարամյա փորձ ունեն, սակայն ծրագրի հաջող իրականացման համար կկարեւորվի ծրագրի սեփականատիրությունը», - ասել է նա:

Դիտում՝ 3547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW