ՎՏԲ-Հայաստան բանկի պրոցեսինգային կենտրոնի խնդիրը վերացված է

10.03.2014 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի ունեցած տեխնիկական խնդիրները վերացված են:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին այսօր հայտնել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գործառնական դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը:

«Մարտի 4-ին տեղի է ունեցել տեխնիկական վթար, որի արդյունքում բանկի պրոցեսինգային կենտրոնը չի աշխատել իր վրա դրված պարտավորությունների համաձայն: Խնդիրը վերացնելու ուղղությամբ աշխատանքները սկսել են նույն պահից սկսած, արագ արձագանքման գործընթացները փաստացի չեն տվել համապատասխան արդյունքը, ինչից ելնելով ձեռնարկել ենք  ավելի բարդ միջոցառումներ, որոնք, ցավոք,  փոքր-ինչ  ժամանակատար են եղել»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանի փոխանցմամբ, առաջացած խնդրի հետեւանքով հաճախորդների որեւէ տվյալի կորուստ չի գրանցվել, «քանի որ համակարգը, կառուցվածքային տեսանկյունից, նման բան թույլ չէր տա»:

«Խնդիրը եղել է զուտ տեխնիկական, ինչը, ցավոք համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ շուրջ 52 000 կենսաթոշակառու քարտերի միջոցով պետք է ստանային իրենց կենսաթոշակները»,- ասել է Արմեն Սարգսյանը եւ նշել, որ Բանկը կենսաթոշակառուներին հնարավորություն է տվել անձը հաստատող փաստաթղթով կենսաթոշակները ստանալ սպասարկման կենտրոններից, ինչի արդյունքում մարտի 5-ին 5500 եւ ավելի կենսաթոշակառու մասնաճյուղային ցանցով ստացել էր թոշակը, իսկ մարտի  6-ին մի փոքր պակաս, քանի որ մասամբ վերականգնվել էր բանկոմատների աշխատանքը:

Արմեն Սարգսյանը հերքել է խոսակցություններն այն ամսին, թե բանկը գումար չի ունեցել, եւ դա կապված է ՌԴ-ում կամ Ուկրաինայում կատարվող  գործողությունների հետ:

«Քանի որ մենք ունենք ավելի քան 137 բանկոմատ, կառավարությունից դեռ գումար չստացած, կենսաթոշակների տրամադրումից 3-4 օր առաջ լիցքավորում ենք բանկոմատների ցանցը: Այս անգամ եւս լիցքավորումը եղել է նախօրոք, սակայն տեխնիկական խնդրի պատճառով տվյալները հասանելի չեն եղել բանկոմատներում»,- ասել է բանկի ներկայացուցիչը: Նա նշել է, որ կատարվել է հակավթարային ճիշտ աշխատանք, եւ հավաստիացրել, որ կատարվածը մանրամասն վերլուծվելու է եւ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվելու նման խնդիրներից հետագայում խուսափելու համար:

«Այս պահին մեզ համար պարզ է,  թե ինչից է խնդիրն առաջացել,  աշխատանքներ ենք տարել դրանք վերացնելու եւ ապագայում դրանցից խուսափելու համար` կրկնապատկելով անվտանգության համակարգը: Ներկայումս պրոցեսինգային կենտրոնի խնդիրը վերացված է, միայն խնդիր կա սպասարկումից հետո հաճախորդներին SMS հաղորդագրության ուղարկման հետ կապված, ինչը եւս կարճ ժամանակահատվածում կվերականգնվի»,- ասել է մասնագետը:

Արմեն Սարգսյանի փոխանցմամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնի գործարկումից մինչ օրս սա նման առաջին տեխնիկական խնդիրն էր:

Դիտում՝ 3482
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW