Ամփոփվել է պետական բյուջեի 2014թ. հունվար ամսվա կատարողականը

10.03.2014 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ 6.7% ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտահարկի եւ այլ եկամուտների աճի հաշվին:

Ինչպես հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 8.9%-ը` այլ եկամուտների հաշվին:

Կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը տարվա առաջին ամսվա տվյալներով եկամուտների գծով կազմել է 33.5%, ծախսերի գծով՝ 18.3%: ՀՀ 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 3.6% ով կամ 1.7 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել  ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել  73.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 32.8%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.6% ով կամ 1.9 մլրդ դրամով:

Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել եկամտային հարկի եւ ավելացված արժեքի հարկի աճով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դուրս են բերվել այլ եկամուտներից եւ ներառվել հարկային եկամուտներում:

Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձեւավորված ազատ միջոցներն ավելացել են 30.1 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 42.2 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում եւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Դիտում՝ 1460
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW