ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր ասել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի այլընտրանքը հարկերի բարձրացումն էր:ԱԺ պատգամավորը նշել է, որ փոխվող կենսաթոշակային համակարգը լուրջ խնդիրներ ունի, իսկ քաղաքացին չի կարող ապրել 40 հազար դրամ թոշակով. «Պարտադիր կուտակային համակարգը թույլ կտա քաղաքացիներին ապահովել բարեկեցիկ ծերություն: Քաղաքացիները համաձայն կլինեի՞ն, եթե պարտադիր կուտակային վճարը գանձեինք հարկի տեսքով, որպեսզի բարձրացնեինք իրենց ծնողների կենսաթոշակը»,- ասել է Հակոբ Հակոբյանը:Անդրադառնալով քաղաքացիների մոտ ֆոնդերի եւ կուտակումների օգտագործման նկատմամբ անվստահության առկայությանը` Հակոբ Հակոբյանը նշել է. «Սկզբում մենք քննարկում էինք կուտակումների ողջ գումարը Հայաստանում պահելու հարցը, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի շուկան չի կարող ներսում ծախսել կամ ներդնել այն»: ԱԺ պատգամավորը նշել է, որ, օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը ֆոնդի կառավարչի հետ համատեղ որոշում են կայացնելու` գումարները երկրից դուրս հանելու կամ երկրում ներդնելու վերաբերյալ. «Եթե դրանք ծախսեն երկրի ներսում, բնական է, որ կբերի տնտեսության զարգացման, վարկերի տոկոսների իջեցման եւ այլն: Այն գումարները, որոնք չեն կարող Հայաստանում ներդրվել, եկամտաբերությունն ապահովելու նպատակով կներդրվեն արտերկրում»:Նա նշել է, որ «նոր համակարգը թույլ կտա քաղաքացիներին ստանալ բարձր կենսաթոշակ. ներկայիս համակարգի փոխարեն, երբ կենսաթոշակի փոխհատուցումը վաստակի մոտ 20%-ն է, պարտադիր կուտակայինի դեպքում փոխհատուցումը կկազմի մինչեւ 50%, իսկ կուտակումները կծառայեն երկրի տնտեսության զարգացմանը` ստեղծելով նոր աշխատատեղեր»:«Օրենքի համաձայն, նախքան կենսաթոշակային տարիքը քաղաքացին կարող է ստանալ իր կուտակումները, եթե կա կյանքին սպառնացող վտանգ, հիվանդություն, իսկ մնացած բոլոր դեպքերում կուտակումները համարվում են քաղաքացու սեփականությունը, որը կարող է տնօրինվել նրա եւ նրա ժառանգների կողմից` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո»,- ասել է Հակոբ Հակոբյանը եւ նշել, որ գործում է երաշխիքային ֆոնդ, որի շնորհիվ ֆոնդի կառավարչի հետ խնդիրներ առաջանալու դեպքում պետությունը կկարողանա քաղաքացիներին հետ վերադարձնել իրենց կուտակումները: Խոսելով համակարգի դեմ բողոքի ալիքի մասին` Հակոբ Հակոբյանը նշել է, որ այդտեղ դրական կողմ էլ է տեսնում, «քանզի մի շարք գործատուներ քայլեր են ձեռնարկում աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ»: Tweet Դիտում՝ 1711