ՀՀ մի քանի հազար քաղաքացիներ արդեն կողմնորոշվել են կենսաթոշակային ֆոնդի եւ ֆոնդի կառավարչի ընտրություն հարցում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման համակարգի վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը նշել է, որ առայժմ մանրամասները հրապարակելը նպատակահարմար չեն գտնում, քանի որ դա կարող է դիտվել որպես ուղղորդում բաղադրիչի մյուս մասնակիցների համար: ԿԲ ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն եւ ներդրումային ֆոնդերի կառավարման գործունեության լիցենզիա ստացած «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» եւ «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունները բաղադրիչի մասնակիցներին են առաջարկում կայուն եկամտային, պահպանողական եւ հավասարակշռված պարտադիր կենսաթոշակային ֆոնդեր: Կենսաթոշակային ֆոնդի եւ ֆոնդի կառավարչին ընտրելու նպատակով մասնակիցները կարող են մուտք գործել www.epension.am կայքի «Իմ հաշիվը» էջը եւ կատարել ընտրություն, եթե ունեն նույնականացման քարտ: «Նույնականացման քարտ չունեցող մասնակիցները կարող են ընտրություն կատարել նաեւ հաշվի օպերատորների միջոցով, որոնց թիվը ներկայումս «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»-ի հետ կնքված պայմանագրի համաձայն 6-ն է `«Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Արարատբանկ», «Հայփոստ», «Արդշինինվեստբանկ», «ՎՏԲ Հայաստան Բանկ», «Հայբիզնեսբանկ»,-ասել է Անդրանիկ Գրիգորյանը:Եթե մասնակիցը չի կողմնորոշվում, թե ինչ ֆոնդ է ցանկանում, բայց ընտրում է ֆոնդի կառավարիչ, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական ֆոնդը: Եթե մասնակիցը չի կողմնորոշվում նաեւ ֆոնդի կառավարչի ընտրության հարցում, ապա վերոնշյալ համակարգը պատահականության սկզբունքով ընտրում է որեւէ կառավարչի պահպանողական ֆոնդը, սակայն քաղաքացին հնարավորություն ունի փոխել այն:«2015-ից սկսած քաղաքացիները կարող են տարին մեկ անգամ անվճար փոխել իրենց ֆոնդն եւ կառավարչին»,-ասել է Անդրանիկ Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ, ինչպես ցանկացած ֆինանսական կազմակերպություն, այնպես էլ ֆոնդերի կառավարիչները ենթակա են հսկողության ԿԲ կողմից: «Ամենամեծ հսկողությունը նշված կազմակերպությունների հեղինակությունն է. նրանք վայելում են միջազգային հեղինակություն եւ իրենց կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալով աշխարհում խոշորագույններից են», - ասել է նա:Անդրադառնալով հարցին, թե ինչ զարգացումներ կլինեն, եթե Սահմանադրական դատարանը բավարարի նոր կենսաթոշակային համակարգի մասին օրենքի վիճարկման հայցը, Մհեր Աբրահամյանն ասել է. «Կեսից խաղի կանոնները փոխելը բացասաբար կազդի մեր բիզնես-միջավայրի գրավչության վրա»: Tweet Դիտում՝ 2441