Տաքսի ծառայություն իրականացնող 16 ընկերություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից անբարեխիղճ վարքագիծ դրսեւորելու համար խիստ նախազգուշացում է ստացել:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով որ հանձնաժողովը ոլորտն ուսումնասիրել է սեփական նախաձեռնությամբ եւ մի քանի ծառայության վարքագծի վերաբերյալ հնչած դժգոհությունների հիման վրա:Վերոնշյալ տաքսի ծառայություններն են` «Փինկ», «Տաքսի Պրեստիժ», «Տաքսի Մանանդ», «Տաքսի Դե Լյուքս Սիթի», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի Քարավան», «Զոլոտոյ Դյուկ», «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո Գրուպ», «Էդ Ընդ Էմի», «Զեթ Ընդ Զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ» եւ ԱՁ Վ. Հովհաննիսյան:Արտակ Շաբոյանը նշել է, որ տեւական ժամանակ հանձնաժողովի մասնագետներն օգտվել են տարբեր տաքսի ծառայություններից` բացահայտելով խաբեության տասնյակ դեպքեր:«Մեքենայում դրված տաքսոմետրի վրա 1 կմ-ի գինը նշված է 100 դրամ, իսկ ծառայության նվազագույն պարտադիր վճարը` 600 դրամ, որը 6 կմ-ից հետո ենթակա է փոփոխման, սակայն պարզվել է, որ ուղեւորափոխադրման ընթացքում տաքսոմետրի վրա նշված պարտադիր վճարը փոխվում է սկսած 2,1 կմ-ից, ինչպես, օրինակ, «Փինկ» տաքսի ծառայության դեպքում»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Նա նշել է, որ նվազագույն վճարը 4,1 կմ-ից փոխվում է մի շարք տաքսի ծառայությունների դեպքում, իսկ որոշների մոտ բացակայում է հաճախորդին անհրաժեշտ տեղեկությունը սպասելավարձի, ուղեւարձի սակագների մասին:«Այգեձոր» տաքսի ծառայության ներկայացուցիչ Սուրեն Մկրտչյանը նշել է, որ իր ներկայացրած ընկերությունում նվազագույն գումարը տարածվում է մինչեւ 5 կմ-ի վրա, իսկ դրանից հետո յուրաքանչյուր կմ-ի արժեքը 100 դրամ է: «Առաջարկում եմ լինի մեկ ընդհանուր պայման բոլորի համար»,- ասել է նա եւ նշել, որ չնայած գազի գնի թանկացմանը, տաքսի ծառայությունները չեն թանկացրել ուղեվարձը:«Արդյունքում ստացվում է, որ 1կմ համար սահմանված ուղեվարձը ոչ թե 100, այլ 120 կամ 150 դրամ է»,- հակադարձել է Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ հանձնաժողովն այս անգամ որոշել է սահմանափակվել խիստ նկատողությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տաքսի ծառայություն մատուցողները որպես օրինախախտ առաջին անգամ են հայտնվել ՏՄՊՊՀ դիտակետում, ընդունում են իրենց սխալը եւ որ սահմանափակ միջոցների պատճառով ուսումնասիրությունը կատարվել է ընտրանքային կերպով, իսկ Երեւանում գործում են հարյուրավոր տաքսի ծառայություններ, որոնք չեն հայտնվել հանձնաժողովի տեսադաշտում եւ մեխանիկորեն դուրս են մնում պատասխանատվության դաշտից:Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն հետեւողական է լինելու ոլորտում խախտումների վերացման հարցում: Tweet Դիտում՝ 2177