Դեկտեմբերի 2-4-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների աշխատակազմերի աջակցությամբ ՀՀ-ում անց է կացվում Երրորդ ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը: Միջոցառման գլխավոր գործընկերն է ՎՏԲ-Հայաստան Բանկը: Համաժողովի առաջին օրը՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրիում կայացել է լիագումար նիստ Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների մասնակցությամբ: Այսօր ՀՀ եւ ՌԴ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկում կայացել է կլոր սեղան «Բանկային եւ ներդրումային ոլորտներում ռուս-հայկական գործընկերության զարգացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացի համատեքստում» խորագրով: Կլոր սեղանի համակարգողն էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկի Դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Յակունինը: Նա նշել է, որ միջոցառման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար համագործակցությունը, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծումը: «Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցումը, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի բարելավմանն ու Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության հետագա աճին»,- նշել է Միխայիլ Յակունինը:Պատասխանելով ՎՏԲ Խմբի դուստր ընկերությունների զարգացման վերաբերյալ Մեդիամաքս-ի հարցին՝ նա նշել է, որ այս պահին մշակվում է ռազմավարություն առաջիկա երեք տարիների համար, եւ 2014թ. առաջին եռամսյակում համառոտ կներկայացվեն ցուցանիշները: «Հիմնական շեշտը դրվում է արդյունավետության, ինչպես նաեւ դուստր բանկերի ավելի քան 15 երկրներում գոյություն ունեցող ցանցից առավելագույն արդյունքներ ստանալու վրա: Հետեւաբար, աճը եւ զարգացումը կշարունակվեն»,- ասել է Միխայիլ Յակունինը:Համաժողովի շրջանակներում Մերգելյանի անվան ինստիտուտի ցուցասրահում անց է կացվում նաեւ արդյունաբերական նորարարությունների ռուս-հայկական միջտարածաշրջանային ցուցահանդես, որին ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է իր պրոդուկտաային շարքն ու ծառայությունները կորպորատիվ եւ մանրածախ հաճախորդների, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Համաժողովն այսօր բացել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրենության նախագահ Յուրի Գուսեւն ասել է, որ համաժողովին մասնակցում են Ռուսաստանի եւ Հայաստանի գործարար շրջանակների ավելի քան 600 ներկայացուցիչներ, եւ սա լավ հնարավորություն է հաստատելու գործարար կապեր եւ համատեղ նախագծեր գործարկելու համար: Մեկնաբանելով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը, նա ասել է. «Այդ իրադարձության համատեքստում մեր գլխավոր նպատակն է Հայաստանի եւ Մաքսային միության անդամ-պետությունների միջեւ արտաքին առեւտրի շրջանառության կարգավորումը: Մեր գլխավոր խնդիրն է նաեւ հայ արտադրողների համար ստեղծել գործիքներ, որոնք նրանց թույլ կտան օգտագործել ճկուն ծրագրեր վճարումներ կատարելիս եւ զգալիորեն մեծացնել արտաքին առեւտրի համագործակցության ծավալները: Կարծում եմ, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցությամբ մեր գործիքները ավելի պահանջված կլինեն»: Tweet Դիտում՝ 3976