Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» ճոպանուղին իր գործունեության երեք տարիների ընթացքում փոխադրել է ավելի քան 200 հազար մարդ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկման երեք ամյակին նվիրված մամուլի ասուլիսում ասել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը: «Եթե մինչեւ ճոպանուղու գործարկումը Տաթեւի վանք էր այցելում օրական մեկ-երկու տասնյակ մարդ, ապա այսօր զբոսաշրջիկների միջին թիվը մոտ 10 անգամ աճել է: Երեք տարի առաջ ավտոմեքենայով Տաթեւի վանք հասնելու համար պետք էր մոտ մեկ ժամ, իսկ այժմ Հալիձոր կայանից 12 րոպեում կարելի է հասնել վանք` ճոպանուղով»,- ասել է Արեն Ափիկյանը: Խոսելով Տաթեւի շրջակա համայնքների զարգացման ծրագրերի մասին` Արեն Ափիկյանն ասել է, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի եւ Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի ջանքերով մեկնարկել են Հալիձոր գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները: Այդ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 115 միլիոն դրամ, որի մոտ կեսը կտրամադրի «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը: RVVZ եւ IDeA հիմնադրամների գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանն իր հերթին նշել է, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նվիրատուներն են ավելի քան 140 մարդիկ 18 երկրներից: «Նվիրատուների կողմից արդեն հավաքվել է շուրջ $ 2 միլիոն 400 հազար: Ծրագրում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ $ 21 միլիոն, որից $ 16 մլն-ը ուղղվել է «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկմանը»,- ասել է Արտակ Մելքոնյանը: Նրա խոսքերով, «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը պայմաններ է ստեղծում կայուն զբոսաշրջային հոսքի կազմակերպման համար` Տաթեւն ու Գորիսը յուրատեսակ «տրանզիտային հանգույցներ» դարձնելով դեպի Արցախ ուղեւորվող զբոսաշրջիկների համար: «Մինչեւ ճոպանուղու գործարկումը Գորիսում գործում էր 2 հյուրանոց, այժմ դրանց թիվը հասնում է 14-ի: Գորիսում հյուրանոցային ոլորտում աշխատող մարդկանց թիվը կազմում է շուրջ 200 հոգի, զարգանում են վանքի շրջակա համայնքների ենթակառուցվածքները, գործում են Bed&Breakfast տիպի շուրջ 20 հյուրատներ»,- տեղեկացրել է Արտակ Մելքոնյանը: Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, ներկայացնելով հիմնադրամի ներգրավվածությունը «Տաթեւի վերածնունդ» ծրագրում, նշել է, որ աշխատանքի հիմնական ուղղությունները երեքն են` վանական համալիրի վերանորոգում, Տաթեւի եւ շրջակա համայնքների համալիր զարգացման ծրագիր, Տաթեւի բրենդի ճանաչողության բարձրացում եւ ներկայացում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում:«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թ. հոկտեմբերի 16-ին: 2010 թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել է ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: Tweet Դիտում՝ 3375