ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին:Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ կազմակերպության գործունեությունը ՀՀ-ում դրական արդյունքներ է ունեցել:«Ձեր միջոցով մարդիկ ստանում են առարկայական օժանդակություն եւ սեփական աշխատանքով բարելավում իրենց կյանքը»,- ասել է վարչապետը: Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1999 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել է 62 ծրագիր՝ աջակցելով մոտ 10 հազար գյուղաբնակ ընտանիքների բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները: «Ներկայում Հայաստանի ավելի քան 100 համայնքներում գործում են 13 ծրագրեր: Իրականացվող ծրագրերն աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ»,- ասել են կազմակերպության ներկայացուցիչները` պատրաստակամություն հայտնելով աշխատանքները շարունակական դարձնելու վերաբերյալ:ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի հետ համագործակցությամբ «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ը աջակցում է նաեւ համայնքներում արոտ օգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը եւ մատուցում է խորհրդատվական ծառայություն: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է $700 հազ. եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է կատարել եւս $170 հազարի ներդրում: Կազմակերպությունը ՀՀ-ում կարիքավոր ընտանիքներին տրամադրում է ընտանի կենդանիներ, տնկիներ, մշակաբույսերի սերմեր, փոքր դրամաշնորհներ, գյուղական կոոպերատիվներին` գյուղտեխնիկա եւ այլ սարքավորումներ: Tweet Դիտում՝ 1261