ՀՀ կառավարությունը ՊԵԿ-ի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012 թ. արդյունքներով 58.35 մլն դրամից մինչեւ 500 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչեւ 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ):2012 թ. արդյունքներով 58.35 մլն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել առավելագույնը մինչեւ 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ): Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, գրասենյակին հանձնարարվել է հարկ վճարողների կողմից ձեռք բերված ՀԴՄ-ների արժեքի գների տարբերությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին: Այսպիսով, 58.35 մլն դրամից մինչեւ 500 մլն դրամ շրջանառություն ունեցող եւ մինչեւ 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողների համար սահմանվում են ՀԴՄ-ների ձեռքբերման ավելի ցածր գներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, գործարարներին մեկ ամիս ժամանակ պետք է տալ, որպեսզի նրանք հասցնեն ՀԴՄ-ները ձեռք բերել նոր գներով: «Այս որոշմամբ մենք կատարում ենք մեր խոստումը: Խոստացել էինք, որ փոքր եւ միջին ձեռնարկություններին ավելի էժան ենք տրամադրելու ՀԴՄ-ները: Այսօր խոստումը կատարում ենք` ինքնարժեքից 30% ավելի էժան ենք տալիս ի հաշիվ նրա, որ խոշորների համար ավելի բարձր գին ենք սահմանել: Հիմա այդ մարդկանց պետք է մեկ ամիս ժամանակ տանք, որ կարողանան ձեռք բերել մեքենաները», - նշել է վարչապետը հոկտեմբերի 31-ին Գավառում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ: «Մեզ նաեւ մեղադրում են, որ Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարող են այս ՀԴՄ-ներն ավելի էժան ներմուծել: Մենք հայտարարել ենք, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է այս սարքավորումներից ավելի էժան բերել եւ դրանք կհամապատասխանեն մեր կողմից սահմանված չափանիշներին, կարող է դրանով զբաղվել եւ չկա մեկը, որ կարող է դիմել ու մերժվել: ՊԵԿ-ին հանձնարարվում է, որ բոլոր այդպիսի դիմողներին ընդունի եւ նրանցից պահանջի, որ ներկայացնեն իրենց առաջարկները: Մենք, բնականաբար, ՀԴՄ-ները սիրով ձեռք կբերենք նրանցից, ովքեր ավելի էժան կբերեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:Ս.թ. հոկտեմբերի 30-ին Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (AmCham) հանդես էր եկել հայտարարությամբ, որում մտահոգություն էր հայտնել Հայաստանում նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման կապակցությամբ: Նույն օրը կայացած Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստում քննարկվել էին նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմանը վերաբերող խնդիրները: Քննարկման արդյունքում ժամկետը մեկ ամսով հետաձգելու եւ առավել ցածր արժեք սահմանելու նպատակով վարչապետը հանձնարարել էր հարցը ներառել ՀՀ կառավարության՝ ս.թ հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում: Tweet Դիտում՝ 7450