ՀՀ Կենտրոնական բանկի, Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի, ՀՀ բանկերի միության եւ առեւտրային մի շարք բանկերի մասնակցությամբ այսօր Երեւանում կայացել է բացօթյա ցուցահանդես` նվիրված Խնայողությունների համաշխարհային օրվան:Հյուսիսային պողոտայում կայացած ցուցահանդեսի ժամանակ առեւտրային բանկերը քաղաքացիներին ներկայացրել են խնայողության վերաբերյալ իրենց առաջարկները, խոսել խնայողության կարեւորության մասին, կազմակերպել մրցույթներ եւ խաղեր: Անցորդները հնարավորություն են ունեցել իրենց ցանկությունը գրել եւ փակցնել «երազանքների պատի» վրա, կամ ամրացնել «երազանքների ծառին»:ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության բաժնի պետ Արմինե Մկրտչյանի փոխանցմամբ, միջոցառումը միտված է հասարակությանը հիշեցնելու խնայողությունների կարեւորության մասին: «Շատ կարեւոր է, որ մարդիկ կարողանան ճիշտ կառավարել իրենց խնայողությունները եւ օգուտներ քաղեն դրանից` ունենալով լրացուցիչ եկամուտ: Համաշխարհային բանկի վերջին հարցումների համաձայն, մեր բնակչության 66%-ն խնայողություն ունի, բայց միայն 6%-ն է դրանք պահում բանկերում»,-ասել է Արմինե Մկրտչյանը: ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ բանկերի խնդիրն է հաճախորդին իրազեկել խնայողությունների կարեւորության մասին: ««Իմ ֆինանսների միամսյակը» ծրագրի եւ այս ցուցահանդեսի շրջանակներում բանկերի ներկայացուցիչները հասարակության ներկայացրել են, թե ինչպես կարող են օգտվել բանկային ծառայություններից, ո՞ր ծառայությունը կարող է օգուտներ եւ բարեկեցություն բերել»,- ասել է նա:Այսօրվա միջոցառմամբ եզրափակվել է «Իմ ֆինանսների միամսյակը» ծրագիրը: Tweet Դիտում՝ 2654