Որո՞նք են արտագաղթի հակվածության տնտեսական գործոնները

25.10.2013 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ փորձել են պարզել ՀՀ-ում  արտագաղթի հակվածության տնտեսական գործոնները, որոնց շուրջ Banks.am-ը զրուցել է վերոնշյալ ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանի հետ:

«Հետազոտությունը իրականացվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսների կողմից, որի համար հիմք է հանդիսացել «Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոն»-ի հայաստանյան  կազմակերպության կողմից ՀՀ տարածքում իրականացված սոցիոլոգիական հարցումների տվյալների բազան: Մեր հիմնական խնդիրն էր վեր հանել արտագաղթի հակվածության տնտեսական կողմը»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է Կառլեն Խաչատրյանը:

Հարցումն իրականացվել է ընտրանքային մեթոդով, ընտրվել է 2630 տնային տնտեսություն, որոնք երբեւէ չեն մեկնել արտերկիր, եւ 1426 վերադարձածներ: Հետազոտության համար բոլոր հարցվածները բաժանվել են երկու խմբի. առաջին խմբում այն մարդիկ են,  որոնք առնվազն երեք ամիս արտասահմանում վարձատրվող աշխատանք են կատարել եւ վերադարձել են Հայաստան ոչ ուշ, քան 10 տարի առաջ: Երկրորդ խմբում այն անձինք են, ովքեր արտերկրում երբեւէ աշխատանքային հարաբերություններ չեն ունեցել:

Ինչպես հայտնել է Կառլեն Խաչատրյանը, հետազոտության նպատակով առանձնացվել է 4 հիմնական գործոն` սեռ, կրթվածություն, աշխատանքի առկայություն ու եկամուտների մակարդակ եւ որոշվել, թե վերոնշյալ գործոններից յուրաքանչյուրն ինչքանով  է ազդում արտագաղթման հակվածության վրա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, սեռի պատկանելիության գործոնը երկու խմբում էլ էական նշանակություն է ունեցել. «Եթե չմեկնածների պարագայում երկիրը լքելու հակված են տղամարդիկ, ապա վերադարձածների դեպքում նորից արտագաղթելու ցանկությունն ավելի մեծ է կանանց մոտ: Դա բացատրվում է ընտանիքի վերամիավորման դրդապատճառով, քանի որ նրանց ամուսինները գտնվում են արտերկրում»:

Ըստ հետազոտության, երկու խմբում էլ արտագաղթի համար էական նշանակություն չի ունեցել կրթվածության մակարդակը: Իսկ չմեկնածների պարագայում որեւէ նշանակություն չունի հայրենիքում աշխատանքի առկայությունը, մինչդեռ վերադարձածները նշել են, որ աշխատանքի առկայության դեպքում այլեւս չեն ցանկանա արտագաղթել:

«Անhատը, որն երբեւէ արտասահմանում չի աշխատել, գունեղ պատկերացում ունի արտերկրում առկա աշխատանքային հարաբերությունների մասին: Իսկ երբ մեկ անգամ մեկնում են եւ բախվում իրականության հետ, հասկանում են, որ աշխատանք գտնելն ու լավ վաստակելը արտերկրում միանշանակ չէ»,- հավելել է Կառլեն Խաչատրյանը:  

Համաձայն հետազոտության արդյունքների, արտագաղթման հակվածության վրա չնչին ազդեցություն ունի հայրենիքում առկա եկամուտների մակարդակը: Ի վերջո, տնտեսագետները հանգել են այն եզրակացության, որ արտագաղթի վրա, որպես տնտեսական գործոն, էական ազդեցություն ունի գործազրկությունը:

Կառլեն Խաչատրյանը նշում է, որ չմեկնածների խմբում արտագաղթելու ցանկություն ունեցողների գերակշիռ մասը երիտասարդներն են, որոնց ցանկության հիմքում արտերկրում կայուն աշխատանք, աշխատավարձ եւ որակյալ կյանք ունենալն է, «ինչը վկայում է, որ նրանց մտադրությունն ու նպատակները երկարաժամկետ են»:    

Նա մտահոգիչ է համարել այն փաստը, որ հարցվածներից արտագաղթելու ցանկություն ունեցողների մոտ 80%-ը շատ հավանական է համարում առաջիկա տարիներին երկիրը լքելը. «Սա մտահոգիչ է, կարճաժամկետ առումով միգուցե դա չզգացվի, բայց 15-20 տարիների ընթացքում դա զգալի ազդեցություն կթողնի բնակչության թվաքանակի եւ երկրի զարգացման միտումների վրա»:

Հետազոտության համաձայն, արտագաղթողները հիմնականում ցանկանում են մեկնել Եվրոպա եւ ԱՄՆ: Սակայն միջին եւ բարձր տարիքի անձինք, ունենալով որոշ խնդիրներ, ադ թվում՝ լեզվական, ստիպված նախընտրում են ՌԴ-ն:

Մեր զրուցակցի կարծիքով, իրավիճակի շտկման համար բոլոր գերատեսչություններն անելիք ունեն: «Եթե ուզում ենք չմեկնածների խմբում արդյունքի հասնել, նախ պետք է ուշադրություն դարձնենք միջին եւ բարձր տարիքի տղամարդկանց զբաղվածության խնդրի լուծմանը, բնակչությանը հստակ եւ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրենք արտասահմանում աշխատանքային հարաբերությունների իրական պատկերի վերաբերյալ` ցույց տալով, որ այնտեղ իրավիճակն այնքան էլ հարթ չէ»:

Անդրադառնալով հետազոտության նպատակին եւ դրա հետագա օգտագործմանը` Կառլեն Խաչատրյանը նշել է, որ տվյալների ամբողջականացմամբ այն կարող է օգտակար լինել արտագաղթի դեմ պայքարի ռազմավարության մշակման հարցում, ինչը  զերծ կպահի երկիրը ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներից:
 
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը

Դիտում՝ 2210
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW