Երեւանում այսօր կայացել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան համատեղ կազմակերպված «Առեւտրի ֆինանսավորման ակադեմիայի» թվով 9-րդ սեմինարը: ՀՀ-ում Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզի փոխանցմամբ, Բրիտանիայում ցանկություն կա Հայաստանում բիզնես հիմնելու, եւ դեսպանատունը ջանքեր է ներդնում դրա խթանման ուղղությամբ: Փոխդեսպանը վստահություն է հայտնել, որ սեմինարը կբարձրացնի մասնակիցների իրազեկությունը բիզնեսի վերաբերյալ եւ կօգնի ունենալ այն ֆինանսական գործիքները, որոնց միջոցով կարող են իրնեց բիզնեսը դուրս հանել Հայաստանի սահմաններից:«Յուրաքանչյուր կազմակերպություն այսօր կանգնած է հետեւյալ խնդրի առջեւ` հանել բիզնեսը երկրի սահմաններից դեպի միջազգային առեւտուր, որտեղ կան իրավաբանական եւ այլ տիպի մեծ ռիսկեր, թե ոչ: Այս խնդիրներն առկա են բոլոր երկրներում, եւ մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել այնպիսի ֆինանսական գործիքներ, որոնք կնպաստեն նմանօրինակ ռիսկերի նվազեցմանը»,- ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:«Սեմինարի ընթացքում խոսելու ենք սարքավորումների ներմուծման սխեմաների, մասնավորապես` զեղչման հնարավորության ակրեդիտիվի մասին, որի ներքո մեքենա-սարքավորումների, հաստոցների եւ արտադրական գծերի ներմուծման համար առաջարկում ենք մինչեւ 7% ֆինանսավորմամբ տարեկան տոկոսադրույք»,- ասել է բանկի Առեւտրի Ֆինանսավորման բաժնի կառավարիչ Կամո Մարգարյանը:Նա նշել է, որ, «թողարկելով փաստաթղթային ակրեդիտիվներ` բանկը նվազագույնի է հասցնում միջազգային շուկայում առկա օպերացիոն ռիսկերը: Ապրիլից մինչ օրս բանկն ընդհանուր առմամբ թողարկել է $6,7 մլն-ի փաստաթղթային ակրեդիտիվ»: «Մեր նպատակն է նվազագույնի հասցնել գործառնական ռիսկերը` ընդհուպ մինչեւ 0%` նպաստելով, որ ընկերությունները շահույթ ստանան»,- ասել է բանկի Առեւտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը: Անդրադառնալով առեւտրի ֆինանսավորման ցուցանիշներին` Կամո Մարգարյանը նշել է, որ 2013-ի երրորդ եռամսյակում 2012-ի սեպտեմբերի համեմատ առեւտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալն աճել է 31%-ով, առեւտրի Ֆինանսավորման եկամուտների գծով գրանցվել է 20% աճ: Մինչ տարեվերջ բակը պատրաստվում է թողարկել մոտ 4 մլրդ դրամի նմանատիպ գործիքներ: Բանկի առեւտրավարկային դեպարտամենտի տնօրենը հայտնել է, որ շուկային է ներկայացվում ֆիքսված արտարժութային փոխարժեքի մասին նոր ֆինանսական գործիք, որը կօգնի խուսափել արտարժութային ռիսկերից: Tweet Դիտում՝ 1701