Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միությունը (ՃՀՄ) ամփոփել է բանկային եւ ֆինանսավարկային համակարգի աշխատակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքները:Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, հարցման հիմնական նպատակն էր՝ պարզել գործատու-աշխատող փոխհարաբերությունների վիճակը եւ դրանից բխող աշխատանքային, սոցիալական, իրավական պաշտպանության ապահովման մակարդակը: Լաուրա Հակոբյանի փոխանցմամբ, հարցումն անցկացնելու համար Ճյուղային Արհմիությունը դիմել էր բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպությունների ղեկավարներին: Արդյունքում՝ դրական պատասխան էր ստացվել 11 առեւտրային բանկերից, 3 ՈՒՎԿ-ից, ՀՀ Կենտրոնական բանկից եւ «Հայինկասացիա» ՓԲԸ-ից: Ինչպես վկայում են հարցման արդյունքները, մասնակիցների 92,6 %-ը գոհ են ղեկավարների հարգալից վերաբերմունքից, 83,1 %-ը`աշխատանքային պայմաններից, 54,7 % -ը` երկկողմանի աշխատանքային պայմանագրերից, 55,3 %-ը`առողջապահության ապահովագրությունից, 71,8%-ը` ՃՀՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին աշխատողների ներգրավումից :Լաուրա Հակոբյանի համոզմամբ, աշխատակիցների իրավունքների եւ սոցիալ-տնտեսական շահերի պաշտպանությունը ենթադրում է մի շարք համալիր միջոցառումների իրագործում: Դա հնարավորություն կտա ֆինանսական կառույցների աշխատակիցներին տեղեկանալ սեփական իրավունքների ու պարտավորությունների մասին, բացատրել ոլորտում կատարված փոփոխությունները եւ, ի վերջո, կարգավորել այն խնդիրները, որոնց լուծումն աշխատակցի իրավասությունների մեջ չէ: «Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կառույցն այս առումով մի փոքր կաղում է: Առաջիկայում փորձելու ենք ներգրավել բանկերի ղեկավարներին, եւ մեր եղած միջոցներով լուծել նշված խնդիրները: Համատեղ եւ քաղաքակիրթ աշխատանքի միջոցով կարող ենք աշխատողին հասցնել իր իրավունքներն ու պարտավորությունները: Արդյունավետ աշխատանքն այնտեղ է, որտեղ աշխատողն անհոգ է»,- կարծում է ՃՀՄ-ի ղեկավարը:Լաուրա Հակոբյանի խոսքերով, կառույցն այսօր գործ ունի գրագետ ղեկավարների հետ. «Երբ մենք ասում ենք, որ սա օրենքի պահանջ է, նրանք ընդունում են, ինչը նախկինում հաճախ այդպես չէր: Ղեկավարները զգում են, որ ՃՀՄ-ն օգնողի դերում է, եւ բավական մեծ հնարավորություն են տալիս, որպեսզի կարողանանք զրուցել աշխատակիցների հետ՝ անմիջական շփումը նպաստում է ավելի լավ տեղեկանալ ոլորտում առկա խնդիրներին»: Միեւնույն ժամանակ, միշտ չէ, երբ համակարգի աշխատակիցներն անկեղծ են իրենց հուզող հարցերը բարձրաձայնելիս: «Անկախ կառույցի անունից հարցադրումներ անելու ժամանակ զգում ենք, որ աշխատակիցների մոտ կաշկանդվածություն կա, ինչը թույլ չի տալիս լիարժեք օգնել նրանց: Շատ կարեւոր է, երբ աշխատողն իմանա, որ կա մի կառույց, որի հետ կարող է քննարկել իրեն հուզող հարցերն ու լուծումներ ստանալ»,-ասում է միության նախագահը:Նրա փոխանցմամբ, վերջին հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների մի շարք աշխատողներ այսօր խնդիր ունեն աշխատավարձի անհամապատասխանության, ընդմիջման եւ արձակուրդների հետ, որոշ կառույցներում աշխատում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին, սակայն հավելյալ չեն վարձատրվում: Կան բանկեր, որտեղ չկա առողջության ապահովագրություն կամ աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթ: «Սրանք ճյուղային արհմիության խնդիրներ են, որոնց մասին պետք է անկեղծ խոսեն աշխատակիցները: Վերջիններիս գնահատված լինելու մակարդակն առայժմ այն չէ, որը մենք կցանկանայինք ունենալ: Բանկում աշխատելը բավական բարդ է, լարված եւ պատասխանատու, բանկի աշխատողն ուղղակիորեն նպաստում է պետության զարգացմանը, սակայն, ցավոք, նրա գնահատումը լիարժեք չէ», - ասում է Լաուրա Հակոբյանը: Այսպես, հարցվածների 63,8 %-ը դժգոհություն է հայտնել կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձի անհամապատասխանության, 76,1 % -ը` սոցիալական փաթեթների բացակայության, 56,4%-ը` գնաճի հետ կապված աշխատավարձի ինդեքսավորման բացակայության վերաբերյալ:Լաուրա Հակոբյանի խոսքերով, ներկայումս ՃՀՄ-ն իր գերխնդիրն է համարում կոլեկտիվ պայմանագրերի կնքումը, ինչն առավել հեշտ ու հստակ կդարձնի գործատու-աշխատող հարաբերությունները, սոցիալական գործընկերության գաղափարի զարգացումը: «Կառույցն աշխատանք է տանում նաեւ կրճատված աշխատակիցների հետ` նրանց համար կազմակերպելով տարբեր ուղղություններով վերապատրաստման դասընթացներ` փորձելով վերջիններիս զբաղվածության հարցը լուծել մեկ այլ կառույցում», - եզրափակել է Լաուրա Հակոբյանը:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 3825