Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզում ներկա է գտնվել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Նախագահին ներկայացրել են նաեւ 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի սահմանային ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը:«Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը, շինարարական աշխատանքները՝ ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային եւ վարկային այլ միջոցների հաշվին:Ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան ՀՀ սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման եւ զարգացման, պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման ու պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, նաեւ միջազգային առեւտրի խթանման խնդիրները: Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումն զգալիորեն կբարելավի նաեւ տեղի բնակչության կենսամակարդակը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում կստեղծվեն ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաեւ մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար կբարելավվեն կապի եւ հաղորդակցության հետ կապված խնդիրները եւս:Հուլիսի 22-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված մեկ այլ փաստաթղթով՝ մեկնարկել է պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը: Tweet Դիտում՝ 1730