Մաքսային միությունը, արտահանումը եւ հանքարդյունաբերությունը

17.09.2013 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հայտարարությունը առաջ բերեց հասարակական քննարկումների բուռն ալիք, որոնց մեջ, անշուշտ, գերակշռողը քաղաքական գնահատականներն էին`համեմված հուզական վերլուծություններով: Այդուհանդերձ թե՛ Մաքսային միությունը եւ թե՛ դրա հիման վրա ստեղծվող Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական կառույցներ են եւ այդ գործընթացները, նախ և առաջ, զգալիորեն ազդելու են ՀՀ արտաքին առեւտրի վրա: Ներմուծման մաքսատուրքերի մասին որոշակի գնահատականներ տրվել են, այժմ կփորձենք անդրադառնալ միության քաղաքականության ազդեցությանը ՀՀ արտահանման մրցունակության վրա:

Վերջին տասնամյակի ընթացքում ՀՀ արտահանման մեջ հանքարդյունաբերությունը շարունակում է գերակշիռ դեր ունենալ: Ավելին, տնտեսությունը մեծապես կախված է այդ ոլորտից` ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանքարդյունաբերության անկումը կտրուկ ազդեց ՀՀ տնտեսության այլ ցուցանիշների վրա: Մյուս կողմից, հանքարդյունաբերության ոլորտը բավականաչափ հետաքրքրական է, քանզի բոլոր խոշոր ներդրողները եւ արտահանման շուկաները գտնվում են Մաքսային միության սահմաններից դուրս:

Մաքսային միությունը` լինելով միասնական տնտեսական համակարգ, սահմանում  է նաեւ միասնական ներմուծման մաքսատուրքեր 22,5% դրույքաչափով` փոխարինելով ՀՀ երկաստիճան 0% եւ 10% դրույքաչափերին: Այս տեսանկյունից, կարծես թե, արտահանման համար որեւէ նոր խոչընդոտ չի ստեղծվում, սակայն, այնուամենայնիվ, պղնձի եւ մոլիբդենի հանքանյութերը վերամշակելուց եւ արտահանելուց զատ, այդ ոլորտը նաեւ մասնագիտացած է ներմուծվող հանքանյութերի վերամշակման եւ հետագա արտահանման մեջ: Այս պարագայում Մաքսային միության սահմանած լրացուցիչ մաքսատուրքերը կարող են խոչընդոտ հանդիսանալ եւ մեծապես թանկացնել հանքանյութի վերամշակումը ՀՀ-ում: Նման օրինակ ՀՀ-ում եղավ ադամանդի վերմշակման բելգիական հայտնի De Beers ընկերության հետ, որը Հայաստան էր ներկրում ադամանդի հումք հետագա վերամշակման նպատակով: Լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը խնդիրներ առաջացրեցին բելգիական ընկերության համար եւ այն դադարեցրեց իր գործունեությունը հայաստանյան շուկայում:

Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, հայկական հանքարդյունաբերության արտահանման հիմնական շուկաներն են Գերմանիան եւ Կանադան: Այս երկրներին բաժին է ընկնում այդ ոլորտի արտահանման շուրջ 70%: Անշուշտ, ազատ առեւտրի պայմանագիրը բավականաչափ կդյուրացներ  հանքարդյունաբերության մրցունակությունը արտահանման տեսանկյունից, քանի որ մեր հիմնական գործընկերները ԵՄ երկրներն են: Զուտ տարածաշրջանային տեսանկյունից նախորդ երեք տարում դեպի ԵՄ արտահանման ծավալները շուրջ 2 անգամ գերազանցել են դեպի ԱՊՀ արտահանման շրջանառությանը:  

Միեւնույն ժամանակ, արտահանման մեջ վճռորոշ դեր ունենալով, հանքարդյունաբերությունը մեծապես պայմանավորում է ՀՀ տնտեսության մրցունակությունը արտաքին շուկայում: Վերջին հինգ տարում արտահանվող ապրանքատեսակների մեջ վճռորոշ մասնաբաժին ունեն թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղները, հանքաքարը: Ուստի անդամակցումը Մաքսային միությանը հանքարդյունաբերության վրա կարող է ունենալ հիմնականում բացասական, բայց ոչ մեծ ազդեցություն, ինչը հիմնականում պայմանավորված կլինի Մաքսային միությունից դուրս գտնվող երկրներից հանքանյութի ներմուծման թանկացմամբ:

Մաքսային միությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը նոր հնարավորություններ են բացում արտահանման մրցունակությունը բարձրացնելու տեսանկյունից: Սակայն դրանք հիմնականում չեն վերաբերում ծանր արդյունաբերությանը, այլ հիմնականում  կապված են գյուղատնտեսական մթերքների եւ սննդի արդյունաբերության (մասնավորապես` ալկոհոլի) արտահանման աճի հետ:

Այսպիսով, հանքարդյունաբերության հիմնական գործընկերները գտնվում են Մաքսային միությունից դուրս եւ անդամակցումը միությանը այդ ոլորտի վրա հիմնականում կարող է ունենալ անուղղակի ազդեցություն: Իսկ տնտեսության եւ արտահանման մրցունակությունը հիմնականում պայմանավորված կլինի գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ եւ Մաքսային միության անդամ երկրների հետ առեւտրաշրջանառության մեծացմամբ, ինչը, սակայն, տնտեսություն կդարձնի ավելի կախյալ եւ քիչ դիվերսիֆիկացված:

Անդրանիկ Մնացականյան

Դիտում՝ 4407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW