2013-2014 թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով` 148 երկրների թվում զբաղեցնելով 79-րդ տեղը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:Նա նշել է, որ վարկանիշերի հաշվարկման հիմքում վիճակագրական տվյալներն են եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Նախորդ տարվա համեմատ զեկույցում ավելացել է երկրների քանակը:2013-2014 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 20 կետով առաջընթաց է գրանցել տեխնոլոգիական պատրաստվածության, 19-ով` մակրոտնտեսական միջավայր/կայունության, 14-ով` ապրանքների շուկայի արդյունավետության հենասյուներում: Ֆինանսական շուկայի զարգացվածությունը առաջընթաց է գրանցել 2 կետով, գործարարության կատարելագործվածությունը` 5:20, 7, 5 եւ 2 կետով բացասական տեղաշարժ են գրանցել համապատասխանաբար աշխատուժի շուկայի արդյունավետության, բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, առողջապահության եւ տարրական կրթության, ինչպես նաեւ շուկայի չափի հենասյուները: Զեկույցի համաձայն, դրական տեղաշարժ կա բիզնեսի վարման կատարելագործվածության, տեխնոլոգիաների օգտագործման ասպարեզում: Ոչ բարենպաստ դիրքում են գտնվում նորարարության, վարկերի ստացման հեշտության եւ կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործման ցուցիչները:ՀՀ մրցունակության առավելությունների թվում զեկույցում ամրագրված են նոր բիզնես սկսելու անհրաժեշտ գործընթացների քանակը`10-րդ տեղ, աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատելու գործելակերպը`12-րդ տեղ, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությունը`24-րդ տեղ, ներդրումների պաշտպանվածության ուժգնությունը` 25-րդ տեղ եւ պետական կառավարման բեռը`34-րդ տեղ:ՀՀ մրցունակության ուշագրավ թերություններն են կառավարման դպրոցների որակը` 120-րդ տեղ, երկրում տաղանդների պահպանման ունակությունը` 121-րդ տեղ, մաքսային գործընթացի բեռը` 123-րդ տեղ, արտաքին շուկայի չափի համաթիվը` 127-րդ տեղ եւ ՀՆԱ-ի միջին արտահանման մասնաբաժինը` 130-րդ տեղ:ԱՊՀ տարածաշրջանի, (ներառյալ` Վրաստանը) երկրների խմբում զգալի տեղաշարժ չի նկատվել: 11 կետով հետընթաց է գրանցել Ուկրաինան` զբաղեցնելով 84-րդ տեղը, 7 կետով զգալի առաջընթաց կա Ադրբեջանում, որը 39-րդ տեղում է: Մանուկ Հերգնյանը նշել է, որ 2005-ին, երբ առաջին անգամ Հայաստանն ընդգրկվեց զեկույցում, 79-րդ տեղում էր: «Մինչեւ 2010թ-ը նկատվեց հետընթաց, որից հետո կատարվեց դրական տեղաշարժ եւ կրկին 79-րդ տեղում ենք, թեպետ ավելացել է երկրների թիվը»,-ասել է նա: Tweet Դիտում՝ 2666