ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած հիմնադիր ժողովում ազդարարվել է «Հայաստանի պահածոյագործների եւ հյութ արտադրողների» միության հիմնումը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ողջունել է վերամշակող ճյուղի ընկերությունների միավորման գաղափարը՝ նշելով, որ վերամշակող ճյուղը արդյունաբերական գյուղատնտեսության անցնելու ճանապարհին լոկոմոտիվի դերակատարում ունի, իսկ Հայաստանի գյուղատնտեսության՝ կայունացման փուլից դեպի զարգացման փուլ անցման ճանապարհին խիստ կարեւոր է, որպեսզի վերամշակողներն այս փուլ մտնեն ավելի համախումբ: «Գյուղմթերքի արտադրման համակարգի բարելավումը պահանջում է ավելի հուսալի գործող վերամշակում, շուկաների նկատմամբ ավելի ճկուն կողմնորոշում, ավելի մեծ ուշադրություն արտադրանքի որակի վրա, ինչը հնարավոր կլինի կազմակերպել միայն խոշոր միությունների եւ ընդգծված կորպորատիվ շահերի դեպքում»,- ասել է Սերգո Կարապետյանը: Նա նաեւ շեշտել է, որ նոր կազմավորվող գյուղացիական կոոպերատիվների հետ ավելի պաշտպանված եւ քաղաքակիրթ իրավահարաբերությունների համար հրատապ է դառնում վերամշակողների մեկ խոշոր իրավաբանական անձ լինելու հանգամանքը: 26 վերամշակող ընկերությունները եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ստորագրել են միության մեջ ներգրավվելու պայմանագիրը: Tweet Դիտում՝ 1580