Օգոստոսի 15-ին Վանում մեկնարկել է հայ եւ թուրք երիտասարդ գործարարների եռօրյա գործարար համաժողով, որն իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախաձեռնությամբ ՝ «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միությունում, հանդիպման մասնակից ավելի քան 30 հայ եւ թուրք գործարարներ ներկայացնում են տուրիզմի, գյուղատնտեսության, շինարարության, քարի մշակման, քաղցրավենիքի արտադրության եւ այլ ոլորտներ: Համաժողովը, որը միտված է միջսահմանային տնտեսական գործունեության զարգացմանն աջակցելուն եւ տարածաշրջանում խաղաղաշինության խթանմանը, բաղկացած է երկու հատվածամասից՝ պլենար հանդիպումից եւ հայ-թուրք երիտասարդ գործարարների (գործատուների) միջեւ անհատական գործարար հանդիպում-բանակցություններից:Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Մուշեղ Ավետիսյանն իր ելույթում նշել է, որ գործարար շփումները պետք է հասցնել այն մակարդակի, որ դրանք սկսեն ազդեն քաղաքականության վրա: Նրա խոսքերով, երկու երկրների գործարարների համար ավելի հեշտ կլինի համագործակցել, քանի որ կա փոխադարձ շահ:Իր հերթին, Վանի երիտասարդ գործարարների միության նախագահ Էրեն Գյոքչենայն նշել է, որ քաղաքականությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա տնտեսության համար եւ իր մտահոգությունն է հայտնել՝ թե ինչո՞ւ հայերն ու թուրքերը պետք է շփվեն միմյանց հետ երրորդ երկրի՝ Վրաստանի տարածքով: «Հայ-թուրքական պետական դիվանագիտությունը կանգ է առել ինչ-որ անհայտ մի կետի վրա, մինչդեռ հասարակական դիվանագիտությունը՝ ի դեմս երկկողմ տնտեսական համագործակցության, նոր թափ է ստանում», - իր ելույթում նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ծրագրերի ղեկավար Արմեն Մելքոնյանը: Նրա խոսքերով երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունները կարգավորող որեւէ իրավական փաստաթղթի բացակայության պայմաններում միակ բանը, որը կարգավորում է երկու երկրների միջեւ հարաբերությունները, բիզնեսի էթիկայի կանոններն են: Արմեն Մելքոնյանի փոխանցմամբ, 2012 թ-ին Հայաստան-Թուրքիա երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 210 մլն ԱՄՆ դոլար, իսկ ըստ տարբեր գնահատումների՝ երկու երկների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելի մեծ ծավալներ ունի: «Թուրքիայի արտաքին առեւտրի վիճակագրական հրապարակումներում բացակայում է որեւէ տվյալ Հայաստանի հետ առեւտրային գործառնությունների վերաբերյալ. թուրքիայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը զրո է»: Իր հերթին, թուրք գործարար Բերիս Գյոքչենայը նշել է, որ պետք է ճնշում գործադրել բացասական կարծիքներ տարածողների, քաղաքականություն եւ դիվանագիտություն թելադրողների վրա, եւ դա կարող են անել երիտասարդ գործարարները:Համաժողովի առաջին օրը Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության եւ Վանի երիտասարդ գործարարների միության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Առաջիկա երկու օրերին նախատեսված են հայ գործարար երիտասարդների այցելություններ Վանում տեղակայված ձեռնարկություններ՝ տեղում ավելի մանրամասն ծանոթանալու տեղի արտադրության եւ բիզնես հնարավրությունների հետ: Tweet Դիտում՝ 2641