2014թ. ԱՊՊԱ բոլոր պայմանագրերի դեպքում կկիրառվի Բոնուս-Մալուս համակարգը

13.07.2013 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014-ի համար կնքվող բոլոր ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում կկիրառվեն Բոնուս եւ Մալուս համակարգի բաղադրիչները:

Այս մասին այսօր հայտնել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի  գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը՝ «Բոնուս-Մալուս համակարգի ներդրումը  ՀՀ-ում» թեմայով սեմինարի ժամանակ, որտեղ ներկայացվել են համակարգի ներդրմամբ ծագող պայմանները:

«Բունուս-Մալուս համակարգը ՀՀ-ում գործում է 2013-ի հունվարի 1-ից՝ միայն բոնուսների մասով, իսկ մալուսների մասով տարածվելու է 2014-ի համար կնքվող բոլոր ԱՊՊԱ պայմանագրերի վրա: Այս համակարգը վարորդի ռիսկը գնահատող գործիք է, որը  թույլ է տալիս փոխել ԱՊՊԱ-ի համար գանձվող վճարը՝ զեղչեր տրամադրելով կարգապահ վարորդներին՝ կախված վարորդի ապահովագրական դեպքերի պատմությունից, իսկ ռիսկային վարորդների ստիպում է լինել ավելի զգոն»,- ասել է Աննա Վարդիկյանը:

Բոնուս-Մալուս համակարգի ներդրմամբ բազային ապահովագրավճարը չի փոխվում, այլ վերաբաշխվում է կարգապահ եւ ռիսկային վարորդների միջեւ: Աննա Վարդիկյանի փոխանցմամբ, «մալուսների բացարձակ թվերը դեռեւս նախագծային են եւ ենթակա են քննարկման»:

2014-ի համար կնքվող պայմանագրերի դեպքում հաշվի են առնվելու 2013-ի հունվարի 1-ից տեղի ունեցած ԱՊՊԱ պատահարները, ինչի մասին բյուրոն պարբերաբար տեղեկացրել է վարորդներին:

Տասը տարվա ընթացքում կարգապահ վարորդների բազիսային վճարը բոնուսների աճման հաշվին կարող է կիսվել հետեւյալ ընթացակարգով. «Եթե կնքվում է ԱՊՊԱ պայմանագիր, որի ապահովագրավճարը կազմում է 35.000 ՀՀ դրամ, իսկ վարորդն ունի բազիսային դաս, ապա 5 տարի անց նա կհայտնվի բունուսային 5-րդ դասում՝ վճարելով 29.750 դրամ ապահովագրավճար, իսկ եւս 5 տարի անց,  նույն տեմպերով շարունակելու դեպքում, վճարը կկիսվի՝ կազմելով 17. 500 ՀՀ դրամ»,- նշել է բյուրոյի գործադիր տնօրենը:

Նա նաեւ ասել է, որ «բոլոր բարեխիղճ վարորդները, ովքեր 2013-ի հունվարի 1-ից սկսած մինչեւ ԱՊՊԱ պայմանագրի կնքումը 345 օրվա ընթացքում չեն ունենա իրենց մեղքով ԱՊՊԱ պատահար, կստանան բոնուսներ կամ զեղչեր»:

Իր մեղավորությամբ պատահար գրանցելու դեպքում վարորդը առաջին անգամ կստանա 16% մալուս, ապա յուրաքանչյուր պատահարի համար մալուսները կաճեն՝  3-րդ պատահարի դեպքում գրանցելով մաքսիմալ մալուսներ՝ ապահովագրավճարի 200%-ի չափով:  Ռիսկային վարորդների համար, սակայն, համակարգը նաեւ լավ լուր ունի՝ համաներում. 4 տարի անընդմեջ կարգապահ եւ ոչ մի պատահարում մեղավոր չլինելու դեպքում բոլոր մալուսները զրոյանում են եւ վարորդն անցնում է բազիսային կամ զրոյական դաս՝ չունենալով ոչ բոնուս,  ոչ մալուս:

Աննա Վարդիկյանը նշել է, որ «իրենց մեղավորությամբ որեւէ ԱՊՊԱ պատահար չգրանցած վարորդները 2013-ին ստացել են բոնուսներ կամ զեղչեր իրենց ապահովագրավճարի 3 %-ի չափով: Նախնական տվյալներով բոլոր ապահովադիրների 75%-ը ստացել են բոնուս, ինչը բացարձակ թվով կազմում է մոտ 350 մլն դրամ»:

Դիտում՝ 2744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW